Wednesday, July 14, 2010

Չվերահսկվող տարածքների մասին լուրերն ադրբեջանցիներն էին հորինել. Արտակ Դավթյան

Tert.am. 14-7-2010- Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է բանաձև, որում ԼՂ–ն ընդգրկվել է չվերահսկվող տարածքների ցանկում, բացարձակ հերյուրանք է։ Այս մասին Tert.am–ին ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը։ «Ադրբեջանցիները, իհարկե, ներկայացրել էին առաջարկություն, երբ Մերձդնեստրի հարցն էր շոշափվում, որպեսզի կատարվի համապատասխան լրացում (դրան միացել էին մեր հյուսիսային պատվիրակները՝ վրացիները, և նաև ղազախները), որը կտարածվի բոլոր կոնֆլիկտային տարածքների վրա։ Բայց մեր պատվիրակությունը, հասկանալով, որ դա որոշակի վտանգ է պարունակում, նախապես միացել էր մեր հույն գործընկերոջը՝ ներկայացնելով մեր լրացումները կոնկրետ Մերձդնեստրի հարցում։ Երբ եկավ այդ հարցի քննարկման պահը, հայկական պատվիրակության առաջարկները քննարկվեցին, ընդունվեցին, ինչը մեխանիկորեն նշանակում էր, որ ադրբեջանցիների առաջարկներն այլևս չեն ընդունվում»,– պարզաբանեց հայ պատգամավորը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ադրբեջանցիների կողմից առաջարկվել է կոնֆլիկտային տարածքները չվերահսկվող տարածքների ցանկում ներառելու մասին լրացում, ինչը, սակայն, չի ընդունվել։ «Կարող եք վերցնել փաստաթղթերը, ուսումնասիրել, և կտեսնեք, որ որևիցե փաստաթղթում կամ բանաձևում Լեռնային Ղարաբաղի անուն հիշատակված չէ։ Ավելին ասեմ, որ նրանց ներկայացրած լրացումները չեն ընդունվել։ Նրանց առաջարկներից բովանդակային առումով ոչինչ չփոխող ընդամենը մի քանի լրացում է ընդունվել»,– ասաց Արտակ Դավթյանը։

No comments: