Wednesday, July 14, 2010

Լեհաստանի ԱԳ նախարարն այցելեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիր

Aysor.am. 14-7-2010- Հուլիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց իր հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին շրջանում ավանդական ջերմ եւ բարեկամական հայ-լեհական հարաբերությունները առավել ակտիվացել են ` մեր երկրների միջեւ ընթանում է բարձր մակարդակի պարբերական քաղաքական երկխոսություն, ընդլայնվում են տնտեսական համագործակցությունը եւ մշակութային փոխանակումները: Այս այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու հայ-լեհական համագործակցության ընթացիկ օրակարգը, նախանշելու նոր ծրագրեր»: Լեհաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ասաց, որ Լեհաստանը կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացումը, առկա ներուժի օգտագործումը եւ իր այցի հիմնական նպատակն է գործուն քայլեր կատարել այդ ուղղությամբ: Նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ: Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ, կարեւորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը` որպես արդյունավետ համագործակցության եւս մեկ ձեւաչափ: Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ պայմանավորվեցին այդ նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկեցին տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Նախարարներն անդրադարձան նախորդ օրը Երեւանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին: Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ընթացքի եւ այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ: Երկուստեք կարեւորվեց Արեւլյան գործընկերության ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը եւ բազմակողմ համագործակցության ծավալումը: Բանակցությունների օրակարգում էին Հարավային Կովկասի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Երկուստեք նշվեց, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի: Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը: Լեհաստանի արտգործնախարարը այցելեց նաեւ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ուր ծաղկեպսակ դրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին:

No comments: