Կամ` ԼՂՀ-ին առաջինը պիտի ճանաչի ԼՂՀ-ն
Միջազգային իրավունքին Կոսովոյի անկախության ճանաչման համապատասխանության մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշման շուրջ հայոց համազգային ոգևորությունն ամեն ինչից զատ նաև ի ցույց դրեց շրջական աշխարհն ու իրականությունն ադեկվատ ընկալելու` ղարաբաղյան ներկայիս քաղաքական իստեբլիշմենտի անկարողությունը:
Չգիտես ինչու արցախյան ղեկավարությունն ավելի մեծ ոգևորությամբ սկսեց խոսել բանակցային գործընթացում կողմ լինելու անհրաժեշտության մասին` հընթացս սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, և դա այն դեպքում, երբ միջազգային դատարանը վավերացրեց Կոսովոյի անկախության ճանաչումն առանց Սերբիայի համաձայնության: Չգիտես ինչու Արցախի իշխանությունը դա ընկալեց որպես Ադրբեջանի հետ բանակցելու հնարավորություն: Հետաքրքիր է` ինչի՞ շուրջ: Չգիտես ինչու Արցախի ղեկավարությունն այս ամենից չեզրակացրեց, որ հարկ է բանակցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ` անկախության ճանաչման շուրջ: Եւ դա այն դեպքում, երբ ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը թարմ հետքերով առաջարկեց բանակցել Կոսովոյի իշխանությունների հետ հետևյալ տարբերակով` ՀՀ-ն ճանաչում է Կոսովոյի անկախությունը, իսկ Կոսովոն` Ղարաբաղի:
Տասը տարի շարունակ մերոնք խոսում են բանակցային գործընթացում կողմ լինելու մասին` չնկատելով, որ այդ ամբողջ ընթացքում իրավիճակը փոխվել ու փոխվում է: Այլ հարց է, որ այս ամբողջ ընթացքում ոչ միայն գործնական ոչինչ չի արվել այս ուղղությամբ, այլև հիմա էլ նման լուրջ մտադրության հայտ չի ներկայացվում: Այս նոր իրավիճակում Արցախի իշխանությունները հստակ ու միանշանակ փաստում են, որ Հայաստանն է Արցախը ներկայացնում բանակցային գործընթացում, և որ Արցախի ղեկավարությունը երբեք դեմ չի եղել դրան ու դժգոհություն չի հայտնել այդ առթիվ: Ավելին` Արցախի իշխանություններն այսօր ևս չեն պահանջում, որ Հայաստանը ճանաչի երկրորդ հայկական պետականության անկախությունը, քանի որ “դա ինքնանպատակ չէ և պիտի հիմնավորված լինի”: Հերօրհնած, էլ ի՞նչ հիմնավորվածություն է պետք:
Ուրեմն` ինչպե՞ս կարող է կոսովյան պարագան նախադեպ հանդիսանալ մեզ համար, եթե մենք ինքնուրույն միավոր չենք: Կոսովյան դատի ժամանակ ընդգծվել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների հարաբերություններին և ներպետական նշանակություն չունի: Այսինքն` որ Ադրբեջանի ու Ղարաբաղի հարաբերություններում այդ սկզբունքը չի կարող գերակա լինել, այլ որ այդպիսին պիտի լինի ազգերի ինքնորոշման իրավունքը: Շատ լավ, բայց Ադրբեջանի ու Ղարաբաղի հարաբերություն չկա, կան Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններ, որոնց երբեք դեմ չի եղել Արցախի իշխանությունը ու չի էլ դժգոհել, ու չի էլ դժգոհում: Իսկ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում կոսովյան օգուտ չկա, Ադրբեջանը վաղուց է իրեն ապահովագրել այս վտանգից:
Այսօր եթե մենք չենք պահանջում, որ Հայաստանը դադարի մեր շահերը ներկայացնել բանակցային գործընթացում, եթե չենք պահանջում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, ապա ինչպե՞ս ենք պատկերացնում կոսովյան նախադեպի օգտակարությունը: Հավանաբար` ոչ մի կերպ, այլապես Արցախի նախագահը չէր ասի, որ եթե Հաագայի դատարանի որոշումը դրականորեն ազդի ԼՂՀ ճանաչման վրա, ապա Ղարաբաղում միայն ուրախ կլինեն: Իսկ ուրախ չլինելու այլընտրանքը ո՞րն է, մեդալի մյուս երեսը ո՞րն է: Աստված չանի, որ մի օր էլ տխուր լինենք:
Բայց ամբողջ ողբերգությունը հենց այս կրավորական կեցվածքում է: Մենք ոչ թե պիտի “ուրախ լինենք, եթե...”, այլ ինքներս, ինչպես ասում են, հեքիաթն իրականություն դարձնենք, ընդ որում` ամենօրյա աշխատանքով, ջանքերով ու համառությամբ, այլ ոչ թե կոսովյան առիթների սպասելով: Տասը կոսովյան նախադեպ էլ լինի` մեզ չի օգնի, քանի դեռ ինքներս չենք ուզում մեզ օգնել: Մեր պատմության մեջ դառը օրինակը կա` Օսմանյան կայսրության փլուզումից հետո բոլոր ազգերը անկախություն ստացան, բացի հայերից, բացի Արևմտյան Հայաստանից:
Բայց ամենատխուրն այս ամենում այն է, որ ղարաբաղյան կողմն այդպես էլ չի ինքնաճանաչվում և ցանկություն էլ չունի: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այս էլ որերորդ անգամ, պատասխանելով այն հարցին, թե ինչ տարածքի վրա է պատկերացնում նորանկախ երկրի միջազգային ճանաչումը, ասում է աներևակայելին` Արցախի անկախությունը դիտում ենք ոչ նախկին ԼՂԻՄ-ի (Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) սահմաններում, հավելելով, թե խորհրդային նախկին կարգավիճակն անընդունելի է: Այն տպավորությունն է, թե խոսում է ոչ թե ԼՂՀ նախագահը, այլ 1988-ի ԼՂ մարզգործկոմի նախագահը, այն տպավորությունն է, թե 88-ից հետո ոչինչ չի եղել (ի դեպ, սա այնքան էլ արտառոց չէ, քանի որ ղարաբաղյան քաղաքական միտքը դեռ 88-ում է, և ժամանակն անզոր է այս հարցում): Ի վերջո, եթե Արցախի իշխանություններն ուզում են մասնակցել բանակցություններին, ապա ո՞ր երկրի, միջազգային իրավունքի ո՞ր սուբյեկտի, ԼՂԻՄ-ի ու ԼՂՀ-ի արանքում գտնվող ո՞ր պետական կազմավորման անունից: Եւ ո՞վ պիտի Բ.Սահակյանին հիշեցնի, որ նա ԼՂՀ-ի, այլ ոչ թե ՙոչ ԼՂԻՄ՚-ի նախագահն է, հընթացս հիշեցնելով նրա այն միտքը, որ չկան ազատագրված տարածքներ, այլ կան ԼՂՀ սահմաններ:
Այսքանից հետո ուղղակի ճարտասանական հարց եմ տալիս` ո՞վ պիտի ճանաչի ԼՂՀ-ին, եթե ինքը ԼՂՀ-ն չի ճանաչում իրեն:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Անալիտիկոն ամսագրի խմբագիր
Ստեփանակերտ
Monday, July 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment