Thursday, July 8, 2010

PKK-ի առաջնորդը մեղադրել է Էրդողանին՝ քրդական հարցի կարգավորումը տապալելու մեջ

News.am. 8-7-2010- Հյուսիսային Իրաքում թաքնված PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխող կուսակցությանը՝ քրդական հարցի կարգավորման մեջ որեւէ քայլ չանելու համար, եւ մեղադրել Էրդողանին՝ նոր բախումներ սկսելու մեջ։ Firat գործակալության փոխանցմամբ՝ միեւնույն ժամանակ «Քուրդիստանի հասարակությունների միավորման» (KCK)-ի ղեկավար Մուրադ Քարայըլանը հիշեցրել է, որ իրենք արդեն մեկ ամիս է չեղյալ են հայտարարել միակողմանի զինադադարը, քանի որ թուրքական իշխանությունները կամք չեն ցուցաբերում կարգավորելու քրդական խնդիրը։ Ըստ Քարայըլանի՝ թուրքական իշխանությունները քրդական հարցի կարգավորման նախաձեռնության տակ ինչ-որ բաներ հայտարարեցին, սակայն դրանք ընդամենը խորամանկություններ էին։ «Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման այդ սկզբունքը շատ պարզ է։ Նրանք երբեք չեն էլ պատրաստվել որեւէ խնդիր լուծելու, այլ շարժվել են ըստ օրակարգի»,-նշել է Քարայըլանը՝ հիշեցնելով նախորդ տարի հոկտեմբերին թուրքական իշխանություններին հանձնված քուրդ զինյալների դեպքը, երբ չնայած խոստումներին, նրանց մեծ մասի նկատմամբ դատական գործեր են հարուցվել։ Քարայըլանը քննադատել է նաեւ Էրդողանի եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի այցերը PKK-ի կողմից հարձակման ենթարկված թուրքական զորամասի դիրքեր՝ նշելով, որ խնդրի կարգավորումը դիրքերում չէ, այլ՝ քաղաքական հարթությունում, խորհրդարանում եւ Սահմանադրական բարեփոխումների մեջ։ «Ներկա բախումների փուլում հայտնվելու մեղքը ամբողջովին ընկած է թուրքական իշխանությունների ուսերին։ Մենք միակողմանի հայտարարեցինք զինադադար, սակայն տեսանք, որ նույնիսկ մի չնչին հույս չկա, թե իշխանությունները ցանկանում են լուծել քրդական խնդիրը։ Եւ մենք ստիպված եղանք դիմել քայլերի, որպեսզի կարողանանք օրակարգ բերել մեր խնդիրները»,-նշել Մուրադ Քարայըլանը։

No comments: