Tert.am. 11-8-2010- Այսօր Հայաստանի ազգային հավաքականը «Հրազդան» մարզադաշտում ընկերական խաղում կհյուրընկալի Իրանի ընտրանուն: Այդ հանդիպումը մեր ֆուտբոլիստների համար վերջին փորձամրցումն է սեպտեմբերի 3-ին «Հանրապետականում» Իռլանդիայի հավաքականի հետ կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղից առաջ:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել երկու հարևան երկրների պատանեկան հավաքականների հանդիպումները: Իսկ ահա Հայաստանի և Իրանի ազգային հավաքականներն առաջին անգամ են հանդիպելու: Գուցե քչերին է հայտնի, որ Հայաստանի ազգային հավաքականը, այնուամենայնիվ, մեկ անգամ ուժերը չափել է իրանցիների հետ: Ճիշտ է, մրցակիցը եղել է այդ երկրի օլիմպիական հավաքականը, հետևաբար այդ հանդիպումը տեղ չի գտել ազգային հավաքականի տարեգրությունում:
Իրանցիների հետ հանդիպումը կայացել է 1995թ.: Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստանի ազգային հավաքականը Սամվել Դարբինյանի գլխավորությամբ հունիսի 24-ի առավոտյան ուղղաթիռով մեկնեց Մեղրի, որտեղից էլ ուղևորվեց Ագարակ: Այստեղ մեր պատվիրակությանը, որը գլխավորում էր ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, դիմավորեց իրանական կողմը և ուղեկցեց Թավրիզ: Նախնական պայմանավորվածությամբ ՀՀ հավաքականը պետք է ընկերական երկու հանդիպում անցկացներ Իրանի օլիմպիական ընտրանու հետ:
Սակայն տեղում պարզվեց, որ օլիմպիական հավաքականի հետ միայն մեկ խաղ է կայանալու, իսկ մյուսը տեղի է ունենալու ակումբներից մեկի հետ:Եվ այսպես, հունիսի 25-ին ՀՀ հավաքականը Թավրիզում մրցեց Սազիի «Տրակտորի» հետ ու հաղթեց 4:0 հաշվով: Երկու գոլ խփեց Արմեն Շահգելդյանը, մեկական անգամ աչքի ընկան Արսեն Ավետիսյանն ու Ռազմիկ Գրիգորյանը:
Հունիսի 27-ին Թեհրանում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումն Իրանի օլիմպիական ընտրանու հետ: Առաջին խաղակեսում մեր հավաքականի խաղը չստացվեց, իսկ դաշտի տերերի գրոհներից մեկն ավարտվեց դարպասի գրավումով:
Հանգստից հետո մեր ֆուտբոլիստները գոլային մի քանի պահեր ստեղծեցին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Արմեն Շահգելդյանը, Արսեն Ավետիսյանն ու Արթուր Պետրոսյանը: Գրոհներից մեկի ժամանակ էլ Շահգելդյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Չնայած խաղային զգալի առավելությանը՝ մեր ֆուտբոլիստներին ոչ միայն չհաջողվեց վերականգնել հավասարակշռությունը, այլև 2-րդ գնդակն ընդունեցին սեփական դարպասը: Միայն խաղավերջում Արսեն Ավետիսյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը' 1:2:
Այդ խաղում ՀՀ հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Հարություն Աբրահամյան, Տիգրան Գսպեյան, Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Վահան Արզումանյան, Հովհաննես Թահմազյան (Արսեն Ավետիսյան), Արա Նիգոյան, Արթուր Պետրոսյան, Ռազմիկ Գրիգորյան (Հայկ Մարգարյան), Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան:
Ըստ պատվիրակության ղեկավար Աշոտ Հարությունյանի՝ մրցակիցը բնավ էլ ուժեղ չէր: Պարզապես մեր հավաքականը թույլ հանդես եկավ: Միայն Սարգիս Հովսեփյանի խաղը լավ տպավորություն թողեց, մյուսներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Մեր հավաքականի ֆուտբոլիստները հունիսի 15-ին ավարտված գարնանային-անցումային մրցաշարի ավարտից հետո լավ մարզավիճակում չէին: Իրան մեկնելուց առաջ արձակուրդում գտնվող ֆուտբոլիստներն ընդամենը մեկօրյա հավաք էին անցկացրել Երևանում, ինչը բավական չէր խաղային որակները վերականգնելու համար:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ պատասխան այցով պետք է Երևան ժամաներ Իրանի օլիմպիական հավաքականը, որը հուլիսի 12-ին «Հրազդանում» պետք է խաղար Հայաստանի երիտասարդական հավաքականի կամ էլ մեր ակումբներից մեկի հետ, իսկ երկու օր անց մրցեր ՀՀ ազգային հավաքականի հետ: Սակայն իրանցիների այցը Հայաստան չկայացավ։
Wednesday, August 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment