Thursday, August 12, 2010

Գիտնականները ստեղծել են «էլեկտրոնային քիթ», որը շնչառությամբ հայտնաբերում է քաղցկեղը

News.am. 11-8-2010- Իսրայելի Հայֆա քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մի սարք են մշակել, որն ունակ է մարդու շնչառությամբ գուշակել, թե արդյոք նա քաղցկեղով հիվա՞նդ է, թե` ոչ: Հետազոտությանը մասնակցել են 20-75 տարեկան 177 կամավորներ, որոնց շարքում մի մասը եղել են քաղցկեղով հիվանդ, մյուսները` առողջ: Հիվանդների շնչառությունը ստուգվել է նախքան նրանց բուժման կուրս անցնելը: Հետազոտությունը հիմնվել է այն ենթադրության վրա, որ քաղցկեղով հիվանդ բջիջների աճն ուղեկցվում է հատուկ քիմիական տարրերի արտազատմամբ, որոնք կարող են հայտնաբերվել: Այսպես. Քաղցկեղով հիվանդ մարդուց արտազատվող օրգանական միացությունների կառուցվածքը տարբերվում է առողջ մարդուց արտազատվող միացությունների կառուցվածքից, իսկ քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ ունի օրգանական այդ միացությունների սեփական պատկերը: «Էլեկտրոնային քիթ» անվանումն ստացած սարքի զգայուն գլխիկներն ունակ են տարբերել «քաղցկեղային» եւ առողջ օրգանական միացությունները: «Էլեկտրոնային քիթը» տարբերում է քաղցկեղի 4 տեսակ. Թոքերի, ստամոքսի, կրծքի եւ շագանակագեղձի: Ոչ տարիքը, ոչ սեռը, ոչ վնասակար սովորությունները, ասենք ծխելը, թեստի արդյունքների վրա չեն ազդում: Գիտնականները կարծում են, որ այս սարքը կարող է օնկոլոգիական կենտրոններում հիվանդների ախտորոշման համար որպես լրացուցիչ գործիք ծառայել, ի թիվս ավանդական մեթոդների, ինչպիսիք են ռենտգենը կամ УЗИ-ն: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Cancer ամսագրում:

No comments: