Wednesday, August 11, 2010

Ալիևների նոր ունեցվածքը լուսաբանվել է թուրքական մամուլում

Panorama.am. 11-8-2010- Արտասահմանյան մամուլում չեն դադարում հրապարակումները Ադրբեջանի ղեկավարի նոր ունեցվածքային ձեռքբերումների մասին: Հերթական լուրը տարածվել է թուրքական մամուլում: Թուրքական հայտնի պարբերականներից «Հուրիեթ» թերթն իր առաջին էջում զետեղել է Ալիևների համար նոր պալատ և մի շարք նոր շինություններ կառուցող թուրքական ընկերության գովազդը: Այդ նոր շինությունները ոչ թե արտասահմանում են, այլ Ադրբեջանում: «Հուրիեթ»-ի այդ տեղեկատվությունը ադրբեջանական լսարանին է ներկայացրել «Ազադլըգ» ընդդիմադիր թերթը: Թերթը գրում է, որ «Կլասիկ մարմար» ընկերության սեփականատեր Ջեբեչի քույրերը, 1972 թ-ից արտասահմանում զբաղվում են բաղնիքների սալիկապատման գործով, որը ժառանգել են իրենց հորից: Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի` Բաքվում բացված «Դրակոն» չինական ռեստորանի սալարկման աշխատանքները կատարած քույրերը պատրաստվում են նոր կառույցներ սալարկել նաև Մարոկոյում: Նշելով, որ Իլհամ Ալիևին պատկանող լեռնային ամառանոցը նույնպես իրենք են մարմարապատել` քույրերից Գյուլեր Ջեբեչին պատմել է, որ իրենց նպատակն այդ արհեստը ամբողջ աշխարհում տարածելն է: Թերթը հստակեցրել է, որ խոսքը Շամախիում կառուցված Իլհամ Ալիևի ամառանոցի մասին է: Այդ պալատի շինարարության վրա երեք տարի և 25 մլն մանաթից ավելի գումար է ծախսվել, իսկ շինարարության աշխատանքներին 3 հազարից ավելի մարդ է մասնակցել: Ջեբեչի քույրերի «Կլասիկ մարմար» ընկերության գովազդային նյութում նշվում է, որ Մեհրիբան Ալիևայի «Դրակոն» ռեստորանի առաստաղի, մուտքի և պատերի զարդարման աշխատանքները իրականացրել է այդ ընկերությունը: Ընկերությունը չի հրապարակել Ալիևների պատվերի հիման վրա կատարած աշխատանքների արժեքը:

No comments: