Wednesday, August 11, 2010

«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՆ ՉԱՓՈՎ ԻՐ «ՔԻԹԸ ԿՄՏՑՆԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ, ՈՐՔԱՆՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՆԴՈՒՐԺԻ»

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի, ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումը խելամիտ է՝ հաշվի առնելով առաջիկայում մեր տարածաշրջանում սպասվելիք մարտահրավերները: - Պարոն Մելիքյան, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակահրթիռային C-300 համակարգերի վաճառքի առիթով անցած օրերի ընթացքում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից հնչեցին ծայրահեղ եւ հակասական գնահատականներ: Փորձագետներից ոմանք Ռուսաստանի այդ քայլը գնահատեցին իբրեւ դավաճանություն, մինչդեռ իշխանական շրջանակները հայտարարեցին, թե մեզ համար էական տարբերություն չկա՝ ում է Ռուսաստանը զենք վաճառում՝ Ադրբեջանի՞ն, թե Հարավային Կորեային: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը: - Այդ երկու մոտեցումներն էլ ծայրահեղություններ են: Մենք չպետք է շահագրգռված կամ անտարբեր լինենք այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը զինվում է, եւ որ Ադրբեջանին զինում է Ռուսաստանը: Մենք պետք է մեր վերաբերմունքը չափավորենք՝ փաստի իրական վտանգներին համահունչ: Ըստ մասնագետների, խոսքը գնում է հակաօդային պաշտպանական զինատեսակի մասին: Բայց այսօր Հայաստանն այնպիսի օդուժ չունի, որ այդ զինատեսակը որոշիչ դեր ունենա, եթե հանկարծ պատերազմական գործողություներ սկսվեն ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ: Բացի այդ, դրանք հեռահար օգտագործման հրթիռներ են, իսկ մենք Ադրբեջանից այդքան հեռու չենք: - Այդ դեպքում ինչո՞ւ է հենց այս պահին Ադրբեջանը 600 միլիոն դոլար վճարում գնելու համար մի զինատեսակ, որն, ըստ Ձեզ, չի օգտագործելու Հայաստանի դեմ: - Գիտեք Ադրբեջանն իր գործողություններում միշտ չէ, որ առաջնորդվում է տրամաբանությամբ կամ փաստերի իրական վերլուծությամբ: Շատ բան արվում է զուտ քարոզչական նպատակներով: Սակայն հարցը պետք է դիտարկել տարբեր կողմերից. այսօր Ադրբեջանի տարածքով անցնում են նավթամուղեր, գազամուղ, եւ, Աստված գիտե, թե ո՞ր պետությունը երբ կարող է օդային հարձակում գործել Ադրբեջանի կոմունիկացիաների վրա: Եվ այս տեսանկյունից այդ հակահրթիռային համակարգերի առկայությունն Ադրբեջանում կարող է նաեւ ինչ- որ առումով մեզ համար անվտանգության պայմաններ ստեղծել, եթե մեր տարածաշրջանից դուրս գտնվող որեւէ պետություն ցանկանա օդային հարվածներ հասցնել: - Այսինքն, Ձեր գնահատմամբ, այդ գործարքը ուղղված չէ՞ հատկապես մեր պետության անվտանգության եւ շահերի դեմ: - Ես գտնում եմ, որ դա մեր շահերից չի բխում: Սակայն մենք պետք է կարողանանք իրական վտանգները ստույգ չափագրել: Կարելի է ենթադրել, որ ռուսները, Ադրբեջանին նման զինատեսակ վաճառելով, նաեւ որոշակի բարոյական ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ Ղարաբաղի հարցում զիջումներին ավելի պատրաստակամ դարձնելու նպատակով: Թեեւ, որքան ես հասկանում եմ, ՀՀ իշխանությունները տարածքներ զիջելու հարցում առանց այդ էլ պատրաստակամ են, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարբաղի ինքնորոշումը: Եվ այն, որ ՀՀ իշխանությունները չեն փորձել դիմադրել, կանխարգելել այս գործարքը, ինձ համար ավելի մեծ վտանգ է, քան բուն գործարքի բովանդակությունն՝ իր հետեւանքներով հանդերձ: - Սակայն այս հարցում զգալի դիմադրություն չնկատվեց նաեւ իշխանական շրջանակներից դուրս՝ ընդդիմադիր դաշտում: Ինչու՞: - Ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ- ի, Ղարաբաղի հարցում նույնքան բարեհաճ է Մադրիդյան սկզբունքների հանդեպ, որքան իշխանությունը: Եվ այս դեպքում ՀԱԿ-ը չի ընդվզելու, որովհետեւ կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը ՀՀՇ համագումարում հայտարարեց, որ Ղարաբաղի խնդրի լուծման բանալիները Ռուսաստանի ձեռքում են: Այսինքն, Ռուսաստանի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն կամ արտահայտություն, ըստ էության, այլեւս ՀԱԿ-ի պաշտոնական քաղաքականության մեջ չէ: - Պարոն Մելիքյան, որքանո՞վ եք կիսում այն տեսակետը, թե Ադրբեջանին հակահրթիռային համակարգերի վաճառքը պայմանավորված էր այդ երկիրն Իրանի հնարավոր հարձակումից ապահովագրելու անհրաժեշտությամբ: - Դա ավելի շատ քարոզչություն է՝ միտված իրանական խնդրի բորբոքմանը, Իրան-Ադրբեջան հարբերությունների սրմանը եւ այլն: Դա գուցե կարող է ազդել շարքային մարդկանց վրա, սակայն մասնագետների համար այդօրինակ պնդումները չեն կարող լուրջ լինել: Քանզի եթե ԱՄՆ-ը ուզենա հարձակվել Իրանի վրա, դա կարող է անել Իրաքից կամ Աֆղանստանից, ինչպես նաեւ ծովից: Բացի այդ ԱՄՆ-ը գերադասում է հեռահար հարվածներ հասցնել: - Տեսակետ կա, որ «ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի մասին» ՀՀ եւ ՌԴ միջեւ երկկողմ համաձայնագրում կատարվելիք փոփոխություններով Ռուսաստանը փորձում է հավասարակշռել իրավիճակը: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը՝ կապված ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման հետ: - Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի ներկայությունն, ըստ էության, զսպող գործոն է Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի համար: - Իսկ Հայաստանի համա՞ր: - Հայաստանի համար դա կաշկանդող գործոն է: Ցանկացած երկրի տարածքում օտար պետության ռազմակայանի ներկայությունը որոշակիորեն ոտնահարում է տվալ պետության ինքնիշխանությունը, բայց մենք չենք կարող ասել, որ Ճապոնիան պակաս ինքնիշխան է այն պատճառով, որ այնտեղ ամերիկյան ռազմակայան կա: Այլ բան է, որ գործող իշխանությունը պետք է կարողանա ապահովել համապատասխան հավասարակշռություն՝ արտաքին մարտահրավերների դիմագրավման եւ մեր ինքնիշխանության ու ազատության պահպանման տեսանկյունից: Եվ դա պետք է արտահայտվի նաեւ Ռուսաստանի հետ կնքված երկկողմ ռազմական պայմանագրում: - Ի դեպ, երկկողմ ռազմական համաձայնագրի փոփոխությունների հետ կապված մտահոգություններ կան, որ, մասնավորապես. «ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազան գտնվելու ընթացքում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը» պարբերությամբ Ռուսաստանին հնարավորություն է տրվում ցանկացած պահի «քիթը մտցնելու» Հայաստանի ներքին գործրի մեջ: - Ռուսաստանն այն չափով իր «քիթը կմտցնի» Հայաստանի գործերի մեջ, որքանով Հայաստանը կհանդուրժի: Ռուսաստանը շատ հիմնավոր կերպով է հաստատված Հայաստանում՝ թե տնտեսական, թե ռազմական եւ թե այլ առումներով: Եվ այստեղ ռազմական գործոնը մեզ համար, թերեւս, ամենաօգտավետն է: Ընդ որում, մենք այն պետք է դիտարկենք ոչ միայն Ղարաբաղի հարցի տեսանկյունից: Պետք չէ մոռանալ, որ շուտով ԱՄՆ-ն իր զինված ուժերը դուրս է բերում Իրաքից: Սա նշանակում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում կարող ենք սպասել բռնության եւ պատերազմի՝ քրդական խնդիր, Իրաքում շիա-սունի մահմեդականների հարաբերությունների սրում, Իրանում խժդժությունների ծագում եւ այլն: Այսինքն, առաջիկայում Հայաստանը շրջապատված է լինելու բավական երկարաժամկետ եւ լայն կոնֆլիկտային գոտով: Եվ այս տեսանկյունից, ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետների երկարաձգումը կարող է խելամիտ լինել: Վերջին հաշվով, եթե ռուսները չուզենան մեզ պաշտպանել, չեն պաշտպանի՝ անկախ բոլոր տեսակ պայմանագրերից: Եվ եթե մենք ուզենանք, որ ռուսական ռազմակայանները դադարեցնեն իրենց գործունեությունը մեր երկրում, մենք այդ որոշումը կկայացնենք եւ կիրագործենք: ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ «Առավոտ» 10-8-2010

No comments: