Wednesday, August 4, 2010

ՌՈՒՍՆԵՐԸ ԿՏՈՒԺԵՆ ՉԱՐՉԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից С-300 զենիթային-հրթիռային համակարգի հնարավոր մատակարարումը, եւ ինչպե՞ս դա կանդրադառնա տարածաշրջանի իրավիճակի վրա. lragir.am այս հարցին պատասխանելով, քաղաքագետ Իգոր Մուրադյանն ասել է. - Հասկանալի է, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը բուռն ձգտում ունի Հարավային Կովկասում անցկացնել “մերոնց-ձերոնց” քաղաքականություն, եւ նրա համար հաճելի է իրեն Ադրբեջանի լոբբիստների առաջնորդ զգալ Մոսկվայում: Բառացիորեն բոլորն ուզում են փող աշխատել, եւ մրցակիցներին ցուցադրել ռուսաստանյան հնարավորությունները տարածաշրջանում: Ռուսաստանը միշտ էլ նպատակ է ունեցել Հարավային Կովկասում երկկողմ քաղաքականություն վարել, եւ համբերատար սպասել է, թե երբ Ադրբեջանը կվերադառնա իր հետ մերձեցման գաղափարին: Այսինքն, հենվելով իր համար առավել հուսալի Հայաստանի հետ հարաբերությանը, Ռուսաստանը ձեռնածություն է անում տարածաշրջանով: Ընդ որում, Ռուսաստանը չի բացառում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ռազմական գործողությունները, երբ կցուցադրվեն ՀԱՊԿ եւ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ փոխօգնության պայմանագրի լիակատար անիմաստությունը: Այս ողջ բարբաջանքը` Գյումրիում ռուսական բազայի խնդիրների փոփոխության մասին, ամեն դեպքում բարբաջանք էլ կմնա: Նրա հաշվարկով, պատերազմը կհանգեցնի ոչ թե տարածաշրջանում ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի ուժեղացման, այլ Ռուսաստանի ազդեցության աճի: Ռուսաստանը կցանկանար Հայաստանին հակել Ադրբեջանի հետ հաշտության, Ղարաբաղի մասնակի կամ լիակատար կորստի արդյունքում, որպես ռուսական քաղաքականության ուղեծիր Ադրբեջանին մտցնելու պայման: Ռուսները, ինչպես նախկինում, համոզված են իրենց անպատժելիության մեջ: Ռուսաստանը ՀԱՊԿ մասնակից-պետություններին չի ընկալում որպես դաշնակիցներ, եւ ընդհանրապես նրանց կարիքը չունի որպես գործընկերներ, հասկանալով, նախեւառաջ, որ նման դաշնակիցներ չեն կարող լինել: Ուկրաինայի իրադարձությունները նկատելիորեն աշխուժացրել են ռուսներին, թեեւ նրանք հասկանում են այդ երկրի հետ հարաբերության խոցելիությունը: Միաժամանակ, Բելառուսի պահվածքը Ռուսաստանին համոզում է հոգեւոր մոտիկ ժողովուրդների ու պետությունների հետ ինչ որ դաշինքների անիմաստության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ այս եզրահանգումները սպասվում էին վաղուց, եւ մենք վկան ենք ռուսների փորձերին` ստանալ նոր դաշնակիցներ ու գործընկերներ, ի դեմս “վճարունակ պետությունների”: Ընդ որում, այդ գաղափարը, որը ակնհայտորեն պայմանավորված է Թուրքիայի արտաքին քաղաքական նոր կուրսով, ռուսները փորձում են ներկայացնել որպես Եվրասիական դոկտրին: С-300- հետ կապված գործարքում սկզբունքային նոր ոչինչ չկա, համենայնդեպս, քաղաքական իմաստով, քանի որ Ռուսաստանը գործնականում միշտ համագործակցել է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում, նախեւառաջ` զենքի մատակարարման հարցում: Միաժամանակ, Ռուսաստանը միշտ անտեսել է Հայաստանի շահը զենք ստանալու հարցում: Լայն լսարանին հայտնի են միայն մեկ կամ երկու սկանդալ այս կապակցությամբ, սակայն Ռուսաստանի հետ հարաբերություններում նման ամոթալի դրվագները շատ են եղել: Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ միշտ կառուցվել են Ադրբեջանի հետ նրա հարաբերության հաշվարկով, բայց ոչ երբեւէ` հակառակը: Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար, եւ պետք չէ այդ մտադրություններից տարածաշրջանի երկրները սպասեն հիացմունք, այդ թվում Իրանը եւ Թուրքիան: Հետաքրքիր կլիներ պարզել, թե ինչպես դրան կվերաբերի ԱՄՆ` Ռուսաստանի ու Ադրբեջանի չափազանց մերձեցմանը, կամ էլ հակառակը, Ադրբեջանի կոմունիկացիոն եւ էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության ուժեղացմանը: Հնարավոր է, Ռուսաստանը պատրաստվել է մի լավ “սպեկուլյացիա անել” Իրանի հարցով եւ դուր գալ Եվրոպական գործընկերներին, ու նաեւ ԱՄՆ-ին: Ժամանակը ցույց կտա, իսկ առայժմ պետք է հասկանալ, որ Հայաստանին ուզում են դարձնել Ռուսաստանի ձայնազուրկ արբանյակ, ինչն արդեն ձեռնտու կլինի Թուրքիային ու Ադրբեջանին: Եթե նույնիսկ С-300 չփոխանցեն Ադրբեջանին, արդեն այն, որ Ռուսաստանը չի բացառել նման հնարավորությունը, տարածաշրջանում առաջացնում է էական ու անվերադարձ իրադարձություններ, եկել է հանգուցալուծումը, եւ դա շատ լավ է: Ռուսները շատ շուտով կեղտի մեջ կհայտնվեն, եւ շնչասպառ կլինեն սեփական հիմարությունից ու չարչիական վարքից: Իհարկե, եթե Հայաստանի իշխանությունը եւ հայկական սփյուռքի կազմակերպությունները չվարեին այսքան անբովանդակ ու հանձնվողական քաղաքականություն եւ երկիրը չներքաշեին ղարաբաղյան հարցում պարտավորությունների մեջ, ինչպես նաեւ որդեգրեին վճռական քաղաքականություն Ռուսաստանի հանդեպ, կարելի կլիներ խուսափել այսքան աղետալի արդյունքներից: Մի առիթով ասվել է, որ այս ամբողջ քաշքշուկի ավարտից հետո այս ամենի համար ստիպված են լինելու պատասխան տալ միայն զինվորները ճակատում; Դա էլ տեղի է ունենում: Ստիպված ենք կռվել, ընդ որում` ձգտել ոչնչացնել ավելի շատ ազերիների, եւ այս պատերազմում ներգրավել որքան հնարավոր է շատ պետությունների: Այլ բան պարզապես տրված չէ: Կա համոզվածություն, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը, ինչպես եւ առաջինը, լինելու է ոչ թե գեներալների, այլ զինվորների պատերազմ:

No comments: