Thursday, August 12, 2010

Մարկ Գերագոս. Թուրքիան պետք է վերջ տա ջայլամի քաղաքականությանը

Tert.am. 12-8-2010- Թուրքիան գլուխն ավազի մեջ թաքցնելու փոխարեն պետք է ընդունի պատմական իրողությունը: Այս մասին Los Angeles Times թերթին տված հարցազրույցում ասել է ամերիկահայ փաստաբան Մարկ Գերագոսը, որը Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի դեմ ամերիկահայերի ներկայացրած հայցը պաշտպանող չորս փաստաբաններից մեկն է: «Հուսով ենք, այս հայցը բեկումնային կլինի թուրքերի համար պատմական իրողությունները ճիշտ ընկալելու տեսանկյունից: Թուրքերն իրենց գլուխներն ավազում թաղելու փոխարեն պետք է աշխատեն փոխհատուցել իրենց արածների համար: Պատմական իրողությունը ժխտելու և լոբբիստական գործունեության համար ահռելի գումարներ վատնելու փոխարեն պետք է ընդունեն այն և թողնեն անցյալում»,- հայտարարել է Գերագոսը։ «Մեր ձեռքում հայտնվել են բոլորովին նոր փաստաթղթեր և տեղեկություններ: Ելնելով ռազմավարական պատճառներից` դրանք ներկա պահին չեմ բացահայտի, սակայն 180 օրվա ընթացքում դրանց մասին կիմանաք»,- ասել է Գերագոսը:

No comments: