Thursday, August 12, 2010

«Հայկական ժամանակ». Թուրքական նավ Դիմիտրի Մեդվեդեւի համար

News.am. 12-8-2010- Օգոստոսի 20-22-ը ՀՀ-ում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներից նոր մանրամասներ են հայտնի դառնում: Թերթն արդեն տեղեկացրել էր, որ Սեւանում մի նավ է վերանորոգվում, որով ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Սեւանի թերակղզու վրա գտնվող նախագահական առանձնատնից տեղափոխելու են ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող՝ Սեւանի «Հարսնաքար» համալիր: Այդտեղ էլ, ըստ թերթի տեղեկությունների, անցկացվելու է գագաթաժողովը: Երեկ պարբերականին հայտնի է դարձել, որ նավը, որով Մեդվեդեւը տեղափոխվելու է «Հարսնաքար» եւ որով Սեւանա լճում զբոսնելու են գագաթաժողովի մասնակիցները, բերվել է Թուրքիայից: «Այն, ըստ «Հարսնաքարի» մեր աղբյուրների, ունի հսկայական չափեր եւ Թուրքիայից Սեւան է տեղափոխվել 3 մասի բաժանված: Նավը վերջնական տեսքի բերելու համար, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Հայաստան են եկել թուրք մասնագետներ: Մի քանի օր նավի վրա աշխատելուց հետ, ըստ մեր աղբյուրների, օրերս թուրք մասնագետները փորձել են գործարկել այն, սակայն շարժիչը շարքից դուրս է եկել: Մեր տեղեկություններով, նրանք Թուրքիայից նոր շարժիչ են պատվիրել: Մասնագետներին ասված է, որ նավը ամեն գնով պետք է պատրաստ լինի մինչեւ օգոստոսի 19-ը: Թե որքան են ջանում թուրք մասնագետները` դժվար է ասել»,-գրում է թերթը: Երեկ առավոտյան պարբերականը փորձել է նախագահականից ճշտել, թե ինչո՞ւ է նավը բերվել հատկապես Թուրքիայից, գնվե՞լ է այն արդյոք, թե՞ վարձակալվել, եւ ի՞նչ միջոցներով: Նախագահականի լրատվականից թերթի այս հարցի վերաբերյալ աշխատանքային օրվա ավարտին հայտնել են. «Նավը մեզ հետ որեւէ կապ չունի, խնդրում ենք ճշտել այլ տեղից»: Թերթը փորձել է նշված հարցերի պատասխանը ստանալ «Հարսնաքարի» տնօրինությունից: «Ամբողջ օրվա ընթացքում մեզ ասում էին, որ մեր հարցերին կպատասխանեն 5 րոպեից, բայց մինչ ուշ երեկո այդպես էլ պատասխան չստացանք»,-եզրափակում է թերթը:

No comments: