Sunday, August 29, 2010

Թուրքիան ցնցված է Իրանի փոխնախագահի՝ հայերի ցեղասպանությունն ընդունող արտահայտությունից

«News.am», 28.08.10: Թուրքական առաջատար լրատվամիջոցներն ու մամուլը շոկային են որակել Իրանի փոխնախագահի ելույթը եւ նշել, որ Իրանը այսպիսով թիկունքից հարված հասցրեց Թուրքիային։ Իրանի փոխնախագահը հիշատակել էր դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու փաստը։ Թուրքական հայտնի թերթերից Hurriyet-ը, Milliyet-ը եւ այլ լրատվամիջոցներ վկայակոչելով հայկական NEWS.am լրատվական գործակալությանը, տեղեկացրել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված համաժողովի ժամանակ Իրանի փոխնախագահը հայտարարել է, թե 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել, ու թեեւ ներկայումս Օսմանյան կայսրությունը չկա, բայց հայերը Թուրքիայից ներողություն են փոխհատուցում պահանջում։ Ամբողջ Թուրքիան ցնցած այս լուրի առնչությամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, թե ինքը խոսել է Իրանի իր գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ եւ պարզաբանում պահանջել։ «Իրանի արտգործնախարարն ինձ հայտնեց, որ այդ հարցում Իրանի դիրքորոշումը անփոփոխ է, իսկ Իրանի փոխնախագահի ելույթը վերաբերել է Առաջին համաշխարհային պատերազմին եւ բոլորովին չի համապատասխանում մամուլում տեղ գտած հրապարակմանը»-նշել է Դավութօղլուն։ Լրագրողներից մեկը նկատել է, որ Իրանի ԱԳ նախարարի պատասխանը չի փարատում կասկածները, որին ի պատասխան, Դավութօղլուն նշել է, որ ինքը խնդրել է, որ այդ կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես գա Իրանի փոխնախագահը։

No comments: