Wednesday, August 4, 2010

ԱՐՏԱԿԻՆ ՃՆՇԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի հարազատներն իրենց հայտնի նոր մանրամասներ են պատմում ինչպես այդ օրվա, այնպես էլ հետագա զարգացումների վերաբերյալ: Պատմում է Արտակի մայրը` տիկին Հասմիկը: “Աղջիկս ասաց, որ անծանոթ մի մարդ զանգեց, ասեց, որ Արտակը վիրավոր է: Հարցրել է, ով եք, ինչ իմացաք, պատասխանել է, թե զորամասին մոտ է գտնվել, երբ մի զինվոր է մոտեցել ու խնդրել, որ տեղյակ պահի Արտակի տանեցիներին”, պատմում է մայրը, ով դեպքից շուրջ 15 օր առաջ էր այցելել որդուն: “Անմիջապես գնացի զիկոմիսարիատ ճշտելու, անհավանական էր թվում անծանոթի զանգը: Հենց ներս մտա ու ասեցի ով եմ, միանգամից, առանց որևէ նախաբանի ասեցին. տղադ ինքնասպան է եղել”: Գույժը հաստատվել է այդ նույն օրը` հուլիսի 27-ին, ժամը 17:00-ին մոտ: Արդեն զորամասից նրանց ասում են, թե մենք դիակը կբերենք մինչև Իջևան, դուք եկեք` դիմավորեք: Հարազատները փորձում են ասել, որ իրենք կգան զորամաս ու կտեղափոխեն զորամասից, սակայն կտրական մերժում են ստանում: Մերժվում է նաև Արտակի վարձակալած բնակարան այցելությունը, և Արտակի հայրն ու հարազատները ստիպված են լինում ճամփա բռնել դեպի Իջևան, որտեղ էլ ընդունում են զորամասից բերված իրենց որդու անկենդան մարմինը: “Մորեմերկ, առանց հագուստի տղայիս գցել էին պատգարակի վրա ու մի պլաշ գցել վրան”, տեսարանից ցնցված պատմում է հայրը, ով որդու մահը զինվորի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի հետևանքն է համարում: Երբ հուլիսի 6-ին ծնողները գնացել էին Արտակին տեսակցության, մայրն ավելի շուտ էր վերադարձել, իսկ հայրը մնացել էր տղայի մոտ, միասին վերանորոգել էին զորամասից 12 կմ հեռավորության վրա գտնվող Արծվաբերդ գյուղում Արտակի վարձակալած բնակարանը: Պայմանագրային զինծառայողի բանակարանի վարձը պարտավոր էր պետությունը տալ, սակայն և վարձը, և վերանորոգումը զինվորն իր գումարներով է վճարել: Հայրն ասում է, որ այդ մի քանի օրերին որդին իրեն պատմել է նաև իր նկատմամբ հրամանատարական կազմի պարբերական ճնշումների մասին: “Ասեց, հայրիկ, հետևիցս ընկած են գումարտակի հրամանատարն ու կապիտան Հակոբ Մանուկյանը: Մշտապես նրանցից է բողոքել, որովհետև նրանք են ճնշել Արտակին”, պատմում է հայրը` Սինար Նազարյանը: Արտակի դիակը Իջևան ուղեկցողներից մեկն է եղել նաև գումարտակի հրամանատար Միշան, ով քաղաքացիական հագուստով է եղել և ընդգծել է, որ ինքն արձակուրդի մեջ է գտնվում: Հրամանատարը պատմել է նաև Արտակի նկատմամբ իր դրսևորած մարդասիրական դրսևորումների մասին: “Ես տպավորություն ստացա, որ փորձում էր իմ առաջ արդարանալ, եթե այդքան մարդասեր էր, ինչու էր տղայիս դիակը բերում”, հուզվում է զինվորի հայրը: Այսօր տարածած ՊՆ հաղորդագրության մեջ լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը ՀՀ Քրօր 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալել է զորամասի գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանին, իսկ 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կասկածանքով ձերբակալվել են նույն զորամասի 3 ժամկետային զինծառայողներ: Առայժմ հեռու կմնանք մեկնաբանություններից, սակայն դատելով ՊՆ հաղորդագրությունից, շարքային զինծառայողներին ավելի ծանր մեղադրանք է ներկայացված, քան հրամանատարական կազմի ներկայացուցչին, իսկ գումարտակի հրամանատարի անունն ընդհանրապես բացակայում է ձերբակալվածների ցուցակից: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: