Wednesday, August 11, 2010

C-300 համակարգերի վաճառքն Ադրբեջանին ագրեսորի խրախուսում չէ. Պատգամավոր

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հավասարակշռությունը նոր չէ, որ խախտվել է, քանի որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում իր պաշտպանության ոլորտում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, ՍԴՀԿ անդամ Վարդան Խաչատրյանը։ Ըստ պատգամավորի, այդ համակարգերը կհամալրեն Ադրբեջանի պաշտպանական համակարգը, բայց դա մեծ առավելություն չէ։ Միաժամանակ, պատգամավորն ասաց, թե քանի դեռ հաստատված չէ վաճառքի լուրը, դժվար է ասել, թե այն ինչ ազդեցություն կունենա։ Վարդան Խաչատրյանը համամիտ չէր նաև այն կարծիքի հետ, որ հիշյալ համակարգերը Ադրբեջանին վաճառելով՝ Ռուսաստանը խրախուսում է ագրեսորին։ «Ես չեմ կարծում, որ դա ագրեսորի խրախուսում է»,– ասաց նա՝ պարզաբանելով, որ նման համակարգեր ունենալը մեծ առավելություն չէ Ադրբեջանի համար, հատկապես, որ Հայաստանն էլ ունի այդ նույն համակարգից։ Ազգային ժողովի պատգամավորը անընդունելի համարեց նշված համակարգերի վաճառքի խնդիրը քննարկել այն կտրվածքով, թե դա Ռուսաստանի կողմից դավաճանություն է։ Ըստ նրա, հայկական կողմը երբեք չի քննադատում օրինակ Իսրայելին կամ ԱՄՆ–ին, որոնք նույնպես զենք են վաճառում Ադրբեջանին, բայց հանկարծ նույն բանն անելու համար դավաճան է համարում Ռուսաստանին։ «Ես չեմ գտնում, որ այդ քննադատությունը ինչ–որ տեղ տանող ճանապարհ է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այդ հարցի առնչությամբ հարկավոր է լսել նաև Ռուսաստանի կարծիքը։

No comments: