Thursday, August 12, 2010

ՆԱՏՕ–ի ԽՎ–ն ձեռնպահ կմնա Ղարաբաղի մասին զեկույցի քննարկումից՝ կարծում է Կարեն Ավագյանը

«ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովում սկսված գործընթացը, որի շրջանակում ադրբեջանցիների կողմից առանձին հանդիպում է եղել ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի հետ և փորձել են հաջորդ նստաշրջանում ներկայացնել Ղարաբաղի մասին զեկույց, մեզ համար անհասկանալի է»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը։ «Նմանատիպ խոցելի և զգայուն գործընթացները միակողմանի՝ ուղղակի պայմանավորվածության արդյունքում հնարավոր չէ իրականացնել, և մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությունն ուղղակի ձեռնպահ կմնա նմանատիպ գործընթացի շարունակությունից՝ առանց հայկական պատվիրակության հետ համապատասխան պայմանավորվածության կամ ընդհանուր քննարկման»,– նշեց պատվիրակության ղեկավարը։ ՆԱՏՕ–ի ԽՎ–ում ԼՂ մասին հավանական զեկույցի պատրաստման առնչությամբ ՆԱՏՕ–ի ԽՎ–ի ղեկավարությանն ուղարկված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակի պատասխանը, Կարեն Ավագյանի տեղեկացմամբ, դեռ չի ստացվել։ «Մենք ուղղակի կսպասենք պաշտոնական պատասխանին և դրանից հետո կներկայացնենք մեր հաջորդ քայլը, թե ինչ ենք անելու։ Բնական է, որ Ադրբեջանը փորձելու է այս ընդհանուր գործընթացին որոշակի հնչեղություն տալ, ինչը մենք տեսնում ենք լրատվամիջոցների միջոցով, բայց ինքնին ՆԱՏՕ–ի ԽՎ–ի որոշումներում ու եզրակացություններում որևէ պարտադրողական բան չկա, դրանք խորհրդատվական բնույթի են»,– ընդգծեց Ավագյանը։ ՀՀԿ–ական պատգամավորի համար ՆԱՏՕ–ի ԽՎ–ի նման մոտեցումն անհասկանալի է հատկապես այն պարագայում, երբ ԼՂ խնդրի հետ կապված, Ավագյանի հավաստմամբ, հիշյալ կառույցի դիրքորոշումն այսպիսին է եղել. «ՆԱՏՕ–ի ԽՎ ղեկավարությունն այս ընթացքում միշտ շեշտել է իր դիրքորոշումը, որ ինքը տեսնում է այդ ընդհանուր գործընթացի լուծումը Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի մեջ։ Ու դրա համար անհասկանալի է նման գործընթացի սկսումը ՆԱՏՕ–ի ԽՎ–ում, որը բայց էական ազդեցություն չի կարող ունենալ»։ Հայկական պատվիրակության ղեկավարի տեղեկացմամբ, ՆԱՏՕ–ի ԽՎ հաջորդ քննարկումը կկայանա նոյեմբերին Վարշավայում։ «Մենք խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ չենք, այլ ասոցացված անդամ ենք, և այդ կարգավիճակից ելնելով մեր բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք՝ տարբեր պատվիրակությունների հետ հանդիպելով, քննարկումներ ունենալով, մեր առաջարկությունները ներկայացնելով։ Ինձ թվում է, ՆԱՏՕ–ի ԽՎ–ն ձեռնպահ կմնա և նման գործընթաց կսկսի միայն ու միայն հայկական պատվիրակության հետ քննարկումից հետո»,– եզրափակեց հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը։

No comments: