Wednesday, August 4, 2010

Դավութօղլուն խոսել է ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության մասին

Tert.am. 4-8-2010- Ռուսաստանի և Թուրքիայի միջև Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդը, որը ստեղծվել է մայիսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, հիմք կծառայի 2 երկրների միջև ռազմավարական համագործակցության բարելավման համար և հզոր խթան կհանդիսանա Եվրասիայում, Մերձավոր ու Միջին Արևելքում, ինչպես նաև Բալկաններում ու այլ տարածաշրջաններում ՌԴ–ի և Թուրքիայի գործընկերության զարգացման համար։ Այս մասին «Ռիա նովոստի»–ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն։ «Թուրքիան այնպիսի արտաքին քաղաքական ուղղություն է վարում, որն իրեն շրջապատող տարածաշրջանում բնական ու ակտիվ շահերի հետ մեկտեղ՝ ունի նաև գլոբալ ուղղվածություն»,– ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կենտրոնացված է ոչ թե ճգնաժամերի վրա, այլ ուղղված է ճգնաժամային իրավիճակների չեզոքացմանը, առկա խնդիրների կարգավորման գործընթացների արագացմանն ու թեթևացմանը։ «Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է երկխոսության վրա, որի նպատակը տարածաշրջանի երկրների միջև առավելագույն համագործակցության զարգացումն ու ինտեգրումն է»,– ընդգծել է թուրք արտգործնախարարը։

No comments: