Tuesday, August 3, 2010

«Ենի Մուսավաթ». «Ադրբեջանը մարդկանց օրգաններ է արտահանում Թուրքիա»

Panorama.am. 3-8-2010- «Ենի Մուսավաթ» ադրբեջանական թերթի հետ զրույցում Բաքվի բնակիչ Իլգար Իբրահիմովը պատմել է, որ իր մոր` «Նեվթչիլյար» հիվանդանոցում բուժվելու ժամանակ ինքը պատահաբար լսել է հիվանդանոցի երկու բժիշկների զրույցը, որից պարզ է դարձել, որ այդ հիվանդանոցից Թուրքիա երիկամներ են արտահանվում: Հղում կատարելով Իբրահիմովի խոսքերին` թերթը տեղեկացնում է, որ վերջինիս վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանում գործող հատուկ ցանցի մասին, որը մարդկանցից 10 հազար դոլարով երիկամներ է գնում և դրանք վերավաճառում Թուրքիայում 100 հազար դոլարով: «Մարդու ներքին օրգանների վաճառքով զբաղվող այս ցանցի մասին տեղեկացրել եմ Բաքվի դատախազությանը: Այնտեղ ինձ ասացին, որ դիմումիս մեջ չնշեմ «Նեվթչիլյար» հիվանդանոցի անունը: Հիվանդանոցի կողքին մի բարձրահարկ կա, որի 9-րդ հարկում «Նեվթչիլյար» հիվանդանոցի բժիշկներից մեկի գրասենյակն է: Այնտեղ զննում են այն մարդկանց, ովքեր ցանկանում են վաճառել իրենց ներքին օրգանները: Նրանց այստեղ են բերում հավաքվող օրգանների վաճառքի միջնորդները», -ասել է Ի.Իբրահիմովը: Բաքվի բնակչի կողմից տրամադրված տեղեկատվությունը հաստատել է «Ենի Մուսավաթ» թերթի թղթակիցը: Վերջինիս հաջողվել է թափանցել Իբրահիմովի մատնանշած ցանցը, գաղտնաբար որոշ լուսանկարներ անել, ձայնագրել և տեսանյութեր նկարել: Ավելին, թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ օրգանների այդ մաֆիային իր երիկամը վաճառած ազգությամբ ռուս մի կին մահացել է հիվանդանոցում, և որ այդ ցանցի մեջ է նաև հիվանդանոցի Նաիմե անունով մի բժշկուհի: Ներքին օրգանների վաճառքով զբաղվող Սահիլ անունով միջնորդը իր երիկամը «վաճառել ցանկացող» թղթակցին ավելի շահավետ տարբերակ է առաջարկել: Նա ասել է, որ կարող է երիկամը վաճառել նախարարի կամ նրա որդուն: Միջնորդը հայտնել է նաեւ կոնկրետ գնորդի անունը` Ռամալ Ալիև, ով Ադրբեջանի մաքսային կոմիտեի նախագահ Այդըն Ալիևի որդին է: Վերջինս, ըստ թերթի, կույս աղջկա հետ մի գիշեր անցկացնելու համար 100 հազար դոլար է վճարում: «Խմբագրության հայտնաբերումները կոնկրետ և սարսափելի քրեական գործեր են: Մնում է, որ իրենց օպերատիվ գործողություններով իրավապահ մարմինները հայտնաբերեն «մաֆիոզ» բժիշկներին», -գրում է «Ենի Մուսավաթ»-ը` նշելով, որ առաջիկա իր համարներից մեկում պատմելու է Թուրքիայից Ադրբեջան եկած և ներքին օրգանների վաճառքով զբաղվելու համար ձերբակալված մի «մաֆիոզ» բժշկի մասին:

No comments: