Sunday, August 29, 2010

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԱՐՏԱՀՈՍՔ

«Lragir.am», 27.08.10: Հենրի Քիսինջերը, մի առիթով բնութագրելով Գոլդա Մեյերին, մասնավորապես նշել է. «…ամեն մի իսրայելական զինվորի զոհվելը նա ընդունում էր որպես սեփական ընտանիքի անդամի կորուստ»: Սա պարզապես նրա համար, որ մեր հասարակությունն ու ղեկավարությունը մի անգամ էլ վերհիշեն, որ ներկայիս Հայաստանի հետ մեկտեղ այս աշխարհում կան նաեւ այդպիսի պետություններ ու ղեկավարներ: Եվ այդպիսի բանակներ: Իսկ մեզանում բանակային թեման վերջին ժամանակներս դարձավ, մի կողմից, հասարակությանը չափազանց մտահոգող հարցերից եւս մեկը, մյուս կողմից՝ խիստ «շահագրգիռ» անձանց կողմից բացահայտ անմաքուր սպեկուլյացիաների առարկա: Մի քանի շաբաթների ընթացքում մեր բանակում միմյանց հաջորդեցին զինվորների եւ սպաների զոհվելու դեպքեր՝ սպանության բոլոր հնարավոր ձեւերով. սպանություն դիրքեր ներթափանցած թշնամու ձեռքով, հայ զինվորականի սպանություն իր իսկ զինակցի ձեռքով, եւ, եթե նույնիսկ իրականություն ընդունենք պաշտոնական վարկածը՝ կրկին զոհ՝ այս անգամ ինքնասպանության հետեւանքով: Նույնիսկ պատերազմական իրավիճակում նման միջադեպերը ցանկացած բանակի համար արտառոց մի բան են եւ պահանջում են պատճառների շուտափույթ բացահայտում եւ խիստ վտանգավոր զարգացումների կանխում: Իսկ ինչ խոսք կարող է լինել, եթե նման բան կատարվում է բանակում խաղաղ պայմաններում: Բացի նրանից, որ մարդկայնորեն միանգամայն հասկանալի էր իրենց զավակներին կորցրած հարազատների ցավն ու վիշտը՝ ի վերջո նրանց, չափազանց մեղմ ասած, այդ աննախանձելի վիճակում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, հարցը առնչվում էր արդեն նաեւ (եւ հատկապես) մեր ազգային եւ պետական անվտանգությունն ապահովող կառույցի վիճակին: Տարբեր հրապարակումներում եւ ելույթներում միանգամայն արդարացի եւ հիմնավորված կարծիքներ հնչեցին, որ բանակը, ցավոք սրտի, նույնպես ախտահարված է մեր ամբողջ հասարակությանն ու պետական կառույցներին բնորոշ վարակով, եւ այդ ողբերգական միջադեպերը՝ գումարած նաեւ թշնամու կողմ անցնելու դեպքերը, հենց այդ «փթախտի» զարգացման հետեւանքն ու արդյունքն են: Շեշտվում էր, որ ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ, ներկայիս իրավիճակում հնարավոր չէ բանակը զերծ պահել այդ փթախտից, ինչպես հնարավոր չէ կեղտաջրի հոսքի մեջ անջատել ու մաքուր պահել զուլալ, խմելու համար պիտանի թեկուզ շատ բարակ մի ջրաշիթ: Մեր բանակային եւ հատկապես քաղաքական կոչվող այրերի արձագանքը նշված դեպքերի կապակցությամբ, պետք է ասել, բավականին բնական էր եւ ադեկվատ՝ պետության եւ հասարակության մեջ իրենց իսկ կողմից ստեղծած ու դավանվող նորմերին հարիր եւ միանգամայն համապատասխան: Սկսվեց ոչ թե պատճառների բացահայտումն ու վերացումը, այլ կատարվածին առնչվող իրականության կոծկումն ու լղոզումը: Եվ որպես բնական հետեւանք՝ դեռ չավարտած այդ «սվաղելու» գործընթացը՝ նոր ողբերգություն: Մի սերժանտը ուղղակիորեն, դիմահար կրակոցներով գնդակահարել էր մեկ այլ սերժանտի: Ինքնին հասկանալի է, որ նման դեպքերը բանակում հնարավոր է վերացնել եւ բացառել միայն այն դեպքում, երբ արմատական վերափոխման ենթարկվի ներկայիս պետական ամբողջ կառավարման համակարգը: Եւ նման ողբերգական դեպքերը պետք է որ հենց այդ զինվորական ու պետական այրերին զգուշացնեն եւ դրդեն ժամ առաջ իրականացնել երկրում անհրաժեշտ բարեփոխումներ: Կամ, ինչն արդեն բացարձակ անհավանական է, հեռանալ ասպարեզից: Բայց ինչի մասին է խոսքը: Այսօր արդեն ասպարեզ է իջեցվել եւ բացահայտ դեմագոգիայի շրջանակներում շահարկվում են «բանակը վարկաբեկելու» եւ նույնիսկ «թշնամուն պետական գաղտնիքներ հայտնելու» թեզերը: Նախաբանելով, թե մի բան է առողջ քննադատությունը, եւ այլ բան՝ թշնամուն տեղեկություններ հաղորդելը: Ես ներողություն եմ խնդրում բոլոր զոհվածների հարազատներից, բայց ուզում եմ այդ «բանակամետ» եւ «պետականամետ» սուբյեկտներին հարց տալ. «պատկերացրեք, որ այդ զոհվածներից մեկը ձեր սիրասուն ջիպահեծյալ զավակներից մեկն է: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ պարագայում ձեր կողմից տարվելիք այդ «առողջ քննադատություն» կոչվածը»: Եթե մարդկային ամենատարրական նորմերի եւ բարոյականության շրջանակների մեջ տեղավորվող դրա ձեւը կգտնեք, կիսվեք իրական վշտի տեր անձանց հետ: Իսկ եթե մի կողմ դնենք զսպող նորմերը, ապա դրանց իսկական ասածը պարզից էլ պարզ է. «հա, ձեր երեխեքը պետք է գան ու ծառայեն հենց այսպիսի բանակում: Իսկ եթե սպանվեն, ձեններդ չպետք է դուրս գա, որովհետեւ կատարվածի մասին խոսելը նշանակում է պետական գաղտնիք բացահայտելը»: Էլ ինչն է պետական գաղտնիք: Միգուցե զինկոմիսարիատի մուտք գործելու պահից մինչեւ զորացրման հրամանը ստանալը զինվորին ու նրա հարազատներին առաջարկվող ու հետապնդող բանակի ստվերային «ծառայությունների» ցուցա՞կը իր վարձավճարներով: Այդ «գործող պրեյսկուրանտի» էությանն ու բովանդակությանը քաջատեղյակ են երկու շահագրգիռ կողմերն էլ՝ թե բանակի ղեկավարությունը, թե ծառայողների հարազատները: Իսկ գուցե պետական գաղտնիք է մի նոր միտում, որն անհնար է տեղավորել մարդկային բանականության մեջ. զորակոչիկների հարազատների շրջաններում լուրեր են սկսել պտտվել, որ շփման գծում տեղի ունեցած ողբերկական դեպքերը ոմանց կողմից արդեն օգտագործվում են նորակոչիկին «Ղարաբաղ չքցելու» վարձը եռապատկելու համար: Սա է անսքող ու դաժան իրականությունը: Թե չե «բազեներ» անվանակոչվածների առջեւ ճամարտակելով ոչ մեկին էլ չեք համոզի, թե «ամեն ինչ լավ է, բայց մեզանում կան բանակի, պետության եւ ազգի թշնամիներ»: Ինչպես ասում են, «խամ չենք»: Հա դուք, հա ձեր հնդուհավ-ճուռճուռի նմանվող՝ այն էլ ձեռքից կերակրվող, այդ «բազեները»: «Աղբը տանից դուրս չհանելը», ընդհանրապես ասած, վատ սկզբունք չէ: Բայց ունի իր կիրառելիության սահմանները: Երբ աղբը տանից երկար ժամանակ դուրս չես հանում, այդ տուն կոչվածն արդեն ինքն է վերածվում աղբանոցի: Եվ այդ ժամանակ մաքրությունը վերականգնելու համար անհրաժեշտ է լինում կիրառել աղբահանման շատ ավելի կտրուկ միջոցներ: Առաջին հերթին՝ այդ նույն տունը անխնա կեղտոտողների նկատմամբ: ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: