«Լրագիր» 12-8-2010- Արցախյան շարժման սկզբնական փուլում, երբ 1987-ի վերջերին Կրեմլի կողմից Ղարաբաղյան պատվիրակություններին տված հուսադրող խոստումներին հաջորդեցին ԽՍՀՄ ղեկավարության 1988-ի կոշտ քայլերը, քննարկումներից մեկի ժամանակ հնչեցվեց այն միտքը, թե “ահա, խնդրեմ, սա էլ տիպիկ Ռուսաստանյան քաղաքականության դրսեւորում մեր հարցի նկատմամբ”: Շարժման ղեկավարներից մեկը դառը ժպտալով արձագանքեց. “Սա դեռ ինչ է, զրո: Ռուսաստանը դեռեւս չի ցուցադրել իր իսկական նենգությունը”:
Այդ խիստ անհարմար ճշմարտությունը հետագայում վերհիշեցինք բազմիցս. ադրբեջանահայության կոտորածներ, “Սաֆոնովշչինա”, «Կոլցո» օպերացիա, կիրովաբադյան դիվիզիայի ուժերով Շահումյանի գրավում եւ նրա նվիրաբերումը Էլչիբեյին… Եւ ամեն անգամ հարց էր ծագում, թե գուցե սա է, վերջապես, «ռուսաստանյան իսկական նենգության» այդ ցուցադրումը: Եւ միգուցե սրանով է վերջը դրվելու այդ «գործընթացի»: Պարզվեց, որ ոչ: Մի նենգությանը հաջորդում է հաջորդը՝ ավելի «նենգ նենգությունը»: Այն էլ՝ Ռուսաստանի «ռազմավարական գործընկեր» հայտարարված պետության նկատմամբ:
Եւ ամեն մի նման «բարեկամական-ռազմավարական» ապտակից հետո Հայաստանում հայտնվում էր, պարզ ասենք, չափազանց տհաճ մարդկանց մի խումբ՝ ոմանք ակնհայտորեն համապատասխան ռոճկացուցակը ստորագրած, ոմանք՝ «ազգի եւ պետության ապագայով մտահոգված», որն սկսում էր մեղադրել մնացած հայությանը, որ խելք չունենք, ռուսին չի կարելի բարկացնել, ռուսի պոչը չի կարելի բաց թողնել: Զի այս աշխարհում միայն ու հենց ռուսն է, որ եղել է, կա, եւ միշտ էլ լինելու է հայի միակ բարեկամը, փրկիչն ու փրկարարը: Մեզանում դեռեւս ապրող նման, մեղմ ասած, մոլորությունը հերքող բազմաթիվ պատմական փաստերն ու անցքերը, բնականաբար, այդ «պուբլիկայի» վրա չեն ազդում: Եւ քանի որ հստակ է ասված, թե «պատմությունը սովորեցնում է միայն այն, որ նա ոչինչ չի սովորեցնում», ապա անմիջական անդրադարձ կատարենք մեր օրերին:
Մեր ընկերոջ վերը նշված «իսկական նենգության» դրսեւորման կտրվածքով այսօր մեր հասարակությանը հուզող, թերեւս, ամենակարեւոր հարցը ավելի քան պարզ է եւ բնական. «Արդյոք Հայասատանը հերթական անգամ զոհ չի գնալու ռուս-թուրքական ժամանակավոր մերձեցմանը»: Նման մտահոգությունը պայմանավորված է այսօր հետեւյալ գործոններով.
1. Հայաստանի խիստ զիջողական դիրքորոշումը բանակցային գործընթացում; ազատագրված տարածքների բնակեցման եւ իրացման հարցում ոչ միայն պետական որեւիցե մոտեցման իսպառ բացակայությունը, այլ նույնիսկ եղած բնակչության համար կյանքի անտանելի պայմանների ստեղծումն ու արտահոսքի չկանխումը:
2. Հայ-թուրքական հարաբերությունների՝ թեեւ հայկական կողմի խիստ զիջումների միջոցով, բարելավման փորձի ձախողումը: Ինչի պատճառով Թուրքիան, մի կողմից, վերջապես «աբոնեմենտ» ձեռք բերեց Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացներում իր դիրքորոշումն ուղղակիորեն ցուցադրելու համար: Մյուս կողմից, Հայաստանի՝ գործընթացի մեջ մտնելու եւ նրա տապալման հետեւանքով, այդ պետության համար կրկին նախադրյալներ ստեղծվեցին Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելու, եւ, ամենեւին չի բացառվում, նաեւ այն կիրառելու համար:
3. Ռուս-թուրքական մերձեցումը, որը, մի կողմից, արտահայտվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մի շարք փոխշահավետ ծրագրերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու փաստով, մյուս կողմից՝ Ադրբեջանի հանդեպ խիստ բարյացակամ վերաբերմունքի ցուցադրմամբ: Ինչը, մասնավորապես, կարող է իր նյութական արտահայտումն ստանա մեր հետ պատերազմական վիճակում գտնվող երկրին նորագույն հզոր զենք մատակարարելու միջոցով:
4. Հայ-ռուսական հարաբերությունների խորացող ասիմետրիան, երբ իննսունականների սկզբին հիմք դրված իրոք գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, այդ երկու երկրների վերջին երկու նախագահների համատեղ ջանքերի շնորհիվ (ամեն մի կողմից հետապնդվող շահերի տարբերությունը բացահայտ է եւ հանրահայտ), շատ արագ վերածվեցին մետրոպոլիա-ֆորպոստ հարաբերությունների: Բնական է, այդ զույգի մեջ ֆորպոստի դերում Ռուսաստանը չէ:
Եթե պատմությունն իրոք ոչինչ չի սովորեցնում, ապա, գոնե, հիշեցնում է: Թեկուզ այն, որ, չնայած խորհրդային պատմագրության բոլոր ջանքերին, թաքցնել կամ էլ «սվաղել» իրականությունը կովկասյան ռազմական թատերաբեմում, եւ, առհասարակ, այդ տարածաշրջանում 1914-18 թ.թ., եւ հատկապես, 1920-21թ.թ.ծավալված իրակական դեպքերի մասին, ժողովրդից մեկ-մեկ լսվում էր չէ՞: Օրինակ. «Ռուսը թուրքի հետ ախպերացավ, թուրքին զենք տվեց, որ էդ զենքով էլ թուրքը հային կոտորի»: Ամենեւին չմեղմացնելով այդ ժամանակահատվածին առնչվող մեր մեղքի բաժինը, բայց ասենք, որ այդ եւ նման մի շարք այլ ժողովրդական խոսնակներ իրականությունից ամենեւին էլ հեռու չէին: Կարո՞ղ է այսօր Ադրբեջանն իր ուզած զենքը ստանալու դեպքում այն պատրաստվում է կիրառել Մալթայի կամ Արգենտինայի դեմ: Սա, ինչպես ասում են, իմիջիայլոց:
Իսկ ի՞նչ արեց Ռուսաստանն իր ֆորպոստին հերթական անգամ հանգստացնելու համար: Նախատեսվում է էական լրացում կատարել Հայաստանում Ռուսաստանի թիվ 102 զորակայանին առնչվող պայմանագրի մեջ: Առ այն, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զինված ստորաբաժանումներն այսուհետեւ ապահովելու են ոչ միայն Ռուսաստանի շահերը, այլ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովելու են Հայաստանի անվտանգությունը: Մնում է արձանագրությունների վերջում միայն ավելացնել (եւ միայն ռուսերենով)՝ «Да здравствует русско-армянское братство по оружию!»:
Սեփական երկրի պաշտպանության բեռից ժամ առաջ ազատվել ցանկացողները եւ «սրտից թեզ» ռուսամոլ մյուս զանգվածը արդեն ցնծության մեջ են. «Էլ ի՞նչ եք ուզում: Աստծուց կրա՞կ եք ուզում: Վաղը պետք եղավ, ռուսն է ձեր համար կռվելու: Էլ ո՞վ ունի աշխարհում նման «զոնտիկ»»: Իսկ հոգու խորքում էլ հույս փայփայում, որ վաղը ռուս քեռիները որ եկան, ապա կտեսնեն, թե իրենք ինչպես են այս երկու տասնամյակի ընթացքում այս русофобство-ի դժվարին պայմաններում սրբությամբ պահպանել իրենց ռուսերենը, եւ անշուշտ, կգնահատեն դա:
Ինչպես ասում են, ամեն ինչ եկավ իր տեղն ընկավ: Ինչ որ հնարավոր էր հանձնել ռւսին, հանձնված էր: Հիմա էլ նրան ենք հանձնում երկրի անվտանգության համակարգը, զինված ուժերը, եւ վերջ: Վերջապես ազատվում ենք սեփական երկիրը պաշտպանելու տհաճ պարտականությունից, հանձնելով այն օտարին:
Պայմանագրում այդ լրացումների հաստատման դեպքում մենք փաստորեն ոչ միայն զրկվում ենք սեփական զինված ուժերը մեր նպատակների եւ կարիքների համար օգտագործելու հնարավորությունից, այլ նաեւ բուն ժողովրդի կողմից սեփական երկրի պաշտպանության համար ելնելու ու կռվելու հնարավորությունից: Որովհետեւ այդ հնարավորությունը նրան պարզապես չի տրվի: Որովհետեւ պայմանագրի նման նորացումից հետո Հայաստանի տեր-տիրականը դառնալու է տեղի ռուսական ռազմակայանի հրամանատարությունը: Այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Այլ կերպ պարզապես չի լինում այս աշխարհում:
Իսկ ինչ վերաբերում է ռուսական զորքի կողմից Հայաստանի պաշտպանության համար հնարավոր մարտնչելուն, ապա նման բանին ապավինելը, պարզապես, ծիծաղելի է: Ո՞նց եք պատկերացնում, ասենք Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառում C-300 համակարգերը եւ դրանք Հայաստանի դեմ կիրառելու դեպքում ոտքի է հանում իր այստեղի զորախումբը. «Ռուս զինվորներ, գնացեք եւ զոհվեք մեր սեփական զենքից: Հանուն Հայաստանի»: Եւ առհասարակ, քաղաքական այդ ո՞ր տրամաբանությունից է բխում, որ Ռուսաստանը, փոխշահավետ ու բարիդրացիական կապեր հաստատելով Հայաստանի վրա հարձակվելու տեսանկյունից երկու ամենահավանական թեկնածուների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, վաղը, նրանց կողմից Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում նրանց դեմ է հանում հանկարծ ռուսական զորքը: Խոշոր հաշվով ասած, եթե օտարի շահը չկա, հանուն ինչի օտարը հանկարծ պետք է գա ու արյուն թափի քո համար: Իսկ ռուսի բոլոր շահերը Հայաստանում բավարարվում են առանց մի «օֆֆ քաշելու», եւ կռվելու կարիք իրոք որ չկա: Էլ չենք խոսում ռուսական բանակի հետ կապված այնպիսի ավանդական մանրուքների մասին, ինչպիսիք են ռուսական «անհասկանալի» առաջ-հետ-առաջ տեղաշարժերը, մի քանի ժամով «ուշանալը», հակառակորդի հետ համաձայնության գալը եւ այլն:
Դեպքերի ընթացքն այսօր այնպիսին է, որ, ինչպես ասում են, մեր հետեւից «տուզախը փակվելուն» մնացել է ընդամենը մեկ քայլ: Մեր վերջին երկու նախագահների կողմից վարած զանազան «բասկետբոլային» եւ «ֆուտբոլային» քաղաքականությունների շնորհիվ մեր ներքին պետական համակարգով մենք բացարձակապես անընդունելի ենք աշխարհի համար, իսկ արտաքին քաղաքական ասպարեզում հայտնվել ենք կրկին այն իրավիճակում, որ մեր հարաբերությունները մեր պրոբլեմային հարեւանների հետ կրկին որոշում է Ռուսաստանը: Եթե վերը նշված պայմանագրային փոփոխությունները դառնում են իրականություն, իրականություն է դառնում նաեւ Հայաստանի պետականության de-facto անհետացումը աշխարհի քաղաքական քարտեզից: Մենք մեր ղեկավարության հանճարեղ քաղաքականության շնորհիվ կրկին հայտնվել ենք ընդամենը մեկ քայլում այն իրավիճակից, երբ Ռուսաստանը հերթական անգամ մեզ կարող է շանտաժել թուրքական վտանգով, անհրաժեշտության դեպքում երկու կողմից էլ վրաներս «քսի տալ» դրանց, եւ ամենավերջին պահին հայտնվել հայափրկիչ ավանդական իր կերպարանքով:
Նման իրավիճակի համար բոլոր նախադրյալները Հայաստանի ղեկավարության կողմից ջանադրաբար արդեն ստեղծվել են: Ամեն գնով պետք է կանխել վերջին՝ կործանարար քայլը: Իսկ դա, ինչպես կրկին պատմությունն է հիշեցնում, կարող ենք անել միայն մենք: Ինչ-որ սպասելիք ունենալ ղեկավարությունից, նշանակում է ստանալ մի նոր ԿԱՐՍ:
ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ
Thursday, August 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment