
News.am. 4-8-2010- Ռուս-թուրքական հարաբերությունները հասել են բարձր մակարդակի։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված բարձր մակարդակի համագործակցության խորհուրդը, որը հիմնադրվեց մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Անկարա կատարած այցելությունից հետո, երկու պետությունների համար հիմք կդառնա ռազմավարական հարաբերություններ հարթելու համար։
«Համոզված եմ, որ խորհրդի գործունեությունը որպես երկկողմ փոխգործակցության միջկառավարական մեխանիզմ, հիմք կլինի մեր պետությունների համընդհանուր համագործակցության համար եւ ուժեղ խթան կլինի Եվրասիայում, Միջին եւ Մերձավոր Արեւելքում, Բալկաններում եւ այլ տարածաշրջաններում»,-հայտարարել է Դավութօղլուն «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «կենտրոնացած է ոչ թե ճգնաժամերի վրա, այլ ուղղված է ճգնաժամային իրավիճակները հարթելուն, եղած հակամարտությունների կարգավորման ընթացքի թեթեւացմանն եւ արագացմանը»։ «Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է երկխոսության վրա, որի նպատակն է պետությունների միջեւ առավելագույնս զարգացնել համագործակցությունը եւ ինտեգրացիան՝ առաջին հերթին մեր տարածաշրջանում»,-հայտարարել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը։
«Ներկայումս Ռուսաստանը եւ Թուրքիան համագործակցում են ինչպես Կովկասում կայունության եւ համագործակության պլատֆորմի շրջանակներում, այնպես էլ այլ երկկողմանի եւ միջազգային ձեւաչափերով, կառուցողական ներդրում են ունենում Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովման գործում։ Ռուսաստանն ու Թուրքիան մեծ պոտենցիալ ունեն փոխհամագործակցության նաեւ այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքում, Բալկաններում»,-ասել է Դավութօղլուն։
Նրա կարծիքով, Թուրքիան ներկայումս վարում է մի քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանն, կայունությանը եւ իրեն շրջապատող տարածքում «անվտանգության գոտի» ստեղծելուն։
No comments:
Post a Comment