Thursday, August 12, 2010

Թուրքական բանակն ու ավիացիան փնտրում են Քիրքուկ-Ջեյհան նավթամուղը պայթեցրած քուրդ ապստամբներին

News.am. 11-8-2010- Թուրքիայի ցամաքային զորքերը, ավիացիայի եւ ոստիկանության հետ համատեղ, քուրդ ապստամբների որոնման լայնածավալ գործողություն են սկսել, որոնք առնչություն ունեն Շիրնակի մարզում Իրաքի սահմանից 100 կմ հեռավորության վրա նավթամուղի պայթեցմանը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, պայթյունի գոտում աշխատում են հրշեջներն ու հատուկ տեխնիկան: «Հեռակառավարմամբ պայթուցիկ սարք է տեղադրված եղել: Սա ահաբեկչություն է, որի հեղինակները քուրդ գրոհայիններն են: Պայթյունի արդյունքում զոհվել է երկու մարդ` պատահական քաղաքացիներ, որոնք այդ պահին մեքենայով անցնելիս են եղել ավտոմայրուղով: Պայթյունի հետեւանքով, վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, մեքենան շրջվել է, իսկ այրվող նավթը իր բոցերի մեջ է առել մեքենան, թույլ չտալով, որ մարդիկ դուրս գան: Եւս մեկ մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա նույնպես պայթյունի ժամանակ այդտեղով անցնելիս է եղել»,- հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ օգոստոսի 10-ին Քրդական բանվորական կուսակցության ապստամբները պայթեցրել են Քիրքուկ-Ջեյհան նավթամուղը: Քիրքուկ-Ջեյհան նավթամուղը, որի երկարությունը կազմում է 970 կմ, Իրաքի ամենախոշոր նավթամուղն է: Այն Քիրքուկի հանքավայրը միացնում է թուրքական Ջեյհան նավահանգստին: Ներկայումս նավթի հոսքը դադարեցված է:

No comments: