Monday, August 2, 2010

ԸՆԿԱԼՄԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Չեմ ցանկանում Տեր-Պետրոսյանին պաշտպանել քննադատությունից, lragir.am-ին տված հարցազրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: -ՀՀՇ վերջին համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի` ԼՂ խնդրին վերաբերող հատվածն ամենատարբեր գնահատականների արժանացավ եւ բավական շատ քննադատվեց: Իսկ իշխանական ճամբարից այդ ելույթը որակվեց որպես Ղարաբաղը ծախելու մտադրություն: Ինչպես կմեկնաբանեք այդ արձագանքները: -Ինձ ապշեցնում են այդ արձագանքները: Ցավոք սրտի, ոմանք լսում ու հասկանում են ոչ թե այն, ինչ ասված է, այլ այն, ինչ իրենք ցանկանում էին լսել: Այս ընթացքում շատերը ընկալման անկարողության ռեկորդները խփեցին: Իշխանությունները, մասնավորապես Հանրապետականներն անգամ տեսիլքներ ունեցան, քանի որ այնպես մեկնաբանել նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթն, ինչպես իրենք արեցին, կարող էին անել մարդիկ, որոնք ադեկվատ չեն ընկալում աշխարհը: Ես չեմ ցանկանում Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանել այդ քննադատություններից, քանի որ դրանք հիմնված չեն որեւէ փաստարկների վրա: Լեւոն Տեր-Պետրոսյանն այն մարդն է, որը Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործում ամենամեծ նպաստն է բերել, իսկ այս իշխանությունները փչացրին Տեր-Պետրոսյանի արած գործը: Ինչը նկատի ունեմ: Մենք բոլորս հասկանում ենք, որ Ղարաբաղի խնդրի լուծման, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության ապահովման ամենամեծ երաշխիքը նրա անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Այսինքն` այն, ինչը միջազգային հանրությունը մասնակիորեն արեց Կոսովոյի դեպքում: Բայց ի տարբերություն Կոսովոյի, անգամ` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, Ղարաբաղն իր անկախության ճանաչման գործում որեւէ դաշնակից չունի միջազգային հանրության մեջ /Հայաստանը չհաշված/: Ուրեմն` ինչ է պետք անել. եթե այսօր միջազգային հանրությունը մերժում է Ղարաբաղի անկախության հեռանկարը, ապա պետք է արվեն այդ հեռանկարը բացող քայլեր: Հասկանալով այդ փաստը, Տեր-Պետրոսյանն այնպիսի դիվանագիտություն վարեց, որն ամենաարդյունավետն էր այդ ճանապարհը հարթելու հարցում: Առաջին քայլն այն էր, որ միջազգային հանրությունը Ղարաբաղը սկսի ընկալել որպես ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն, որպես դրա հետեւանք ընկալվի որպես հակամարտության կողմ, լիարժեքորեն մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններում: Ահա սրան էր ուղղված Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: Եվ ԵԱՀԿ Բուդապեշտյան 1994 գագաթնաժողովում հաջողվեց այս քայլում դիվանագիտական հաղթանակ տանել: Տեր-Պետրոսյանը նաեւ այն մարդն էր, որն ամենամեծ գործն արեց Ղարաբաղի բնակեցման հարցում: Նա լավ հասկանում է, որ Ղարաբաղի խնդրի լուծման լավագույն եւ միակ միջոցը Ղարաբաղի բնակեցումն է: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանի օրոք օրինակ Լաչինի բնակչությունը 0-ից հասցվեց 15 հազարի: Այսօր, այս “հայրենասիրական” իշխանությունների գործունեության արդյունքում այնտեղ ապրում է ընդամենը 5 հազար մարդ, եւ շարունակում են այնտեղից փախչել: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանը խոսում է ժողովրդագրական խնդիրների մասին, քանի որ նա շատ լավ հասկանում է` հարցի լուծումը ժողովրդագրությունն է, դեմոգրաֆիան: Եթե Ղարաբաղի բնակչությունը լիներ 1 մլն 800 հազար մարդ, ինչպես Կոսովոյում է, կամ գոնե կես միլիոն մարդ, Ղարաբաղի անկախությունն այսօր միջազգային հանրությունը ստիպված կլիներ ընդունել: Հենց սա էր, որ պետք է արվեր եւ սրան էր մշտապես ուղղված Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: Ամբողջ այս նվաճումներն ուղղակի վատնվեցին, ԼՂ-ի ներկայացուցիչներ Քոչարյանի եւ Սարգսյանի պաշտոնավարումը որպես Հայաստանի նախագահ, ըստ էության մարմնավորեց այն գործարքը, որ այդ մարդիկ կնքեցին միջազգային հանրության հետ: Այսինքն` նրանք ստացան իշխանություն Հայաստանում, բայց Ղարաբաղը դադարեց գոյություն ունենալուց որպես ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն: Սրանով կարելի է բացատրել դիվանագիտական պարտությունների պատճառները: Այլեւս որեւէ մեկը չի խոսում Ղարաբաղի ժողովրդի` իր ինքնորոշման համար պայքարի մասին, եւ աշխարհը շնորհիվ այս անամոթ գործարքի, այսօր ընդունում է ԼՂ խնդիրը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, որի հետեւանքով Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Ահա այս ահավոր հանցագործությունն է, որ փորձում են թաքցնել իշխանությունները, եւ այդ պատճառով հարձակվում Տեր-Պետրոսյանի վրա: -Տեր-Պետրոսյանի պնդումը, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, շատերը հասկանում են որպես տարածքները հանձնելու պատրաստակամություն: -Միակ բանը, որի հիման վրա նման եզրակացություն են արել, Տեր-Պետրոսյանի պնդումն է, թե ստատուս-քվոյի պահպանումը չի կարող ապահովել մեզ համար բարենպաստ զարգացումներ: Տեր-Պետրոսյանը սակայն չի ասել այն, ինչ բազմիցս ասել է Սերժ Սարգսյանը: Հիշում եք արաբական Վաթան թերթին նրա տված հարցազրույցը, որտեղ նա հստակ պատմել է, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ: Իսկ Տեր-Պետրոսյանը ոչ միայն նման բան չի ասել, այլ փորձել է ապահովել այսօրվա իշխանությունների թիկունքը բանակցություններում` շատ կոնկրետ հարցերում վերապահումներ անելով քննարկվող պլանի նկատմամբ` եւ հանրաքվեի, եւ Լաչինի վերահսկողության հարցում, եւ այլ հարցերում: Եթե միացյալ ընդդիմությունը մերժեր որեւէ կարգավորում, դրանով միայն կհեշտացներ Սերժ Սարգսյանի ռեժիմի ինքնապահպանման գործը, քանի որ դա Սարգսյանի երազանքն է`կարողանալ ամբողջ աշխարհին ներկայացնել, թե ունի արկածախնդիր, ծայրահեղ ազգայնական ընդդիմություն, որը չի հասկանում ժամանակակից աշխարհի խաղի կանոնները եւ մերժում է կարգավորման ցանկացած պլան: Եվ եթե այդպես է, միջազգային հանրությունը նրան carte blanche կտար բռնությամբ ջախջախելու ընդդիմությունը, ինչը Սարգսյանի ամենացանկալի նպատակն է, անգամ եթե դրա հետեւանքով կթելադրվի Ղարաբաղի հարցում ոչ բարենպաստ լուծում: Բայց ընդդիմությունն այսօր ոչ թե ուղղամտորեն մերժում է ցանկացած կարգավորման պլան, այլ` բանակցությունների սեղանին դրված պլանի վերաբերյալ անում է շատ կոնկրետ, կառուցողական վերապահումներ, որոնք թույլ կտան բանակցություններ վարող իշխանություններին, մատնանշելով ընդդիմության ճնշումը, ձգտել ավելի հայանպաստ ձեւակերպումների` համաձայնագրի տեքստում: Եթե Սերժ Սարգսյանը պետական շահերը հետապնդեր, ընդդիմության ավելի լավ կեցվածք նրան դժվար կլիներ պատկերացնել: Իշխանությունները սակայն բացահայտ հիստերիայի մեջ են հենց այն պատճառով, որ նրանց չի հաջողվում ընդդիմությանը ներկայացնել որպես արկածախնդիր խելապակասների: Նրանք, փաստորեն, ավելի կարեւոր խնդիր են համարում ընդդիմության ջախջախումը, քան Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերի ամրապնդումը, որին շատ հեշտ կհասներ, վերջ տալով ժողովրդավարության ոտնահարումը եւ ընդդիմության հետ առճակատումը: Սերժ Սարգսյանի համար ավելի կարեւոր է քաղբանտարկյալներին բանտերում պահել, քան ինչ-որ առաջընթաց ապահովել բանակցություններում` հօգուտ Ղարաբաղի եւ Հայաստանի: Մենք տեսնում ենք, որ մի կողմից ունենք պետականորեն մտածող ընդդիմություն, որը ցանկանում է եւ ժողովրդի, եւ միջազգային հանրության առաջ հանդես գալ որպես հավասարկշռված պատասխանատու ուժ, մյուս կողմից` թալանչիների խումբ, որը բացարձակապես շահագրգռված չէ պետության առջեւ դրված խնդիրների լուծումով, այլ` շահագրգռված է միայն իր իշխանության ամրությամբ` ինչ գին էլ որ դրա համար պահանջվի: -Իսկ փոխզիջում` առանց որեւէ տարածք վերադարձնելու, հնարավո՞ր է, թե ոչ: -Այսինքն` խոսքը գնում է այն մասին, որ այսօր ձեւավորված ռազմաճակատի սահմաններում Լեռնային Ղարաբաղը ձեռք բերի անկախությո՞ւն: Դա հնարավոր է միայն Բաքվի գրավումից հետո` Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի պայմաններում: -Իսկ առանց կապիտուլյացիայի հնարավո՞ր չէ: -Եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են ապացուցել, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կարելի է հասնել Ղարաբաղի անկախության ճանաչմանը ներկա սահմաններում, խնդրում եմ` թող այդ մարդիկ հասարակությանը ներկայանան իրենց պլատֆորմով ու համոզեն, որ դա իրատեսական է: -Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարի իր ելույթում հայտարարեց, որ ստատուս-քվոյի պահպանման դեպքում դեմոգրաֆիական խնդիրների առաջ կկանգնենք: Իսկ փոխզիջման դեպքում արդյոք նույն վտանգը չի լինի, այսինքն` Ղարաբաղից չեն սկսի արտագաղթել: Այսինքն` հայաթափության վտանգ չկա: -Ես ուզում եմ, որ մենք իրար ճիշտ հասկանանք. եթե ստատուս քվոն հնարավոր է պահպանել, եւ ծաղկեցնել, բնակեցնել Ղարաբաղը, ապա մենք դրա կողմնակիցն ենք: Եթե ստատուս-քվոն պահպանելով մենք կապահովենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, կհասնենք Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը, ապա մենք դրա կողմնակիցն ենք: Ես ուզում եմ տեսնել` որեւէ քաղաքական ուժ ունի՞ արդյոք նման լուրջ ծրագիր: Բայց ես ասպարեզում նման ծրագիր չեմ տեսնում: Ես ասպարեզում տեսնում եմ ուժեր, որոնք չունենալով հիմնավորումներ ու փաստարկներ, խոսում են, թե մենք ադրբեջանցիների հետ բանակցելու եւ փոխզիջման գնալու կարիք չունենք: Եթե միակ փաստարկն այն է, որ փոխզիջման դեպքում կլինի հայաթափում, ուրեմն պետք չէ թույլ տալ այս իշխանություններին կնքել խաղաղության այնպիսի պլան, որը չի ապահովում Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այստեղ ընդդիմությունն իսկապես լուրջ անելիք ունի: -Տեր-Պետրոսյանը նախկինում էլ հայտարարել էր, թե առանց Ղարաբաղի խնդրի լուծման Հայաստանի շատ խնդիրներ չեն լուծվի: -Պետք չէ պարզեցնել Նախագահի ասածը: Նա իրականում շատ հստակ նշել է, թե ոչ թե Հայաստանի խնդիրները չեն լուծվի, այլ` խոսքը գնում է շատ կոնկրետ խնդիրների մասին, օրինակ` անվտանգության եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման մասին: Ես ուզում եմ պարզ օրինակ բերել Իսրայելի նման գերտերությանը, որ հանգիստ դիմանում է անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ճնշումներին: Քանի որ նա ունի չլուծված կոնֆլիկտ Պաղեստինի հետ, քանի որ նրա դեմ գործում է Լիբանանում Հըզբոլլահը, Գազայում` Համասը, քանի որ նա ունի չլուծված բազմաթիվ կոնֆլիկտներ արաբական աշխարհի հետ, լուրջ սպառնալիքներ կան Իսրայելի անվտանգության համար, եւ Իսրայելը ի վիճակի չէ դրանք լուծելու: Իսրայելի անվտանգությունն այսօր լրջորեն վտանգված է եւ այդ երկիրը կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ եւ չունի դրանց լուծման որեւէ հեռանկար: Ես հարց եմ տալիս` եթե Իսրայելի նման գերտերությունն առանց արաբական աշխարհի հետ իր կոնֆլիկտները լուծելու, չունի անվտանգության, ժողովրդագրական խնդիրների բարելավման հեռանկար, ինչու են Տեր-Պետրոսյանի հակառակորդները զարմանում, երբ նման պնդում արվում է շատ ավելի խոցելի վիճակում գտնվող Հայաստանի վերաբերյալ: Տնտեսական զարգացման խնդիրը եւս լուրջ է: Իսրայելն ունի ծով, ունի տարեկան մի քանի միլիարդ դոլարի հասնող օգնություն հրեական սփյուռքից, միլիարդների փոխհատուցում է ստացել Գերմանիայից, այսինքն` նրանց համար տնտեսական զարգացման մի քանի գործոններ կան, որը Հայաստանը չունի: Հայաստանը ծով չունի, շրջափակման մեջ է եւ հազիվ մի քանի միլիոն է տարեկան որպես օգնություն ստանում սփյուռքից: Այնպես որ` մենք վստահ ենք` այս ավազակապետական թալանչիական համակարգը վերացնելուց հետո, երբ ստեղծվի մրցակցային տնտեսություն, Հայաստանը թռիչքային զարգացում կունենա, բայց այդ զարգացումը չի բավարարի, որպեսզի Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի չափանիշները հասցվեն միջին եվրոպական չափանիշներին: Ահա սրա մասին է խոսքը: Ամեն դեպքում` երբեք պետք չէ այս պնդումներն ընդունել որպես անելանելիության հիմնավորում: Ուղղակի ասվում է, որ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերները շատ խորքային են` անկախ նրանից, ով է իշխանության գլուխ: Այլ բան է, որ մենք չունենք այդ մարտահրավերները ընկալելու եւ հաղթահարելու ունակ իշխանություն, եւ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնայնությունը շարունակում է մնալ հենց այդ խնդրի լուծումը: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ «Լրագիր» 2-8-2010

No comments: