Wednesday, August 11, 2010

Ալեքսան Բայանդուրյան` Արարատի գագաթ բարձրացած առաջին հաշմանդամն աշխարհում

News.am. 11-8-2010- 37-ամյա Ալեքսան Բայանդուրյանը, «Փյունիկի» աջակցությամբ եւ ամերիկահայ Վարուժան Ամիրխանյանի հովանավորությամբ, օգոստոսի 4-ին բարձրացել է Արարատ լեռը: Նա ձախ ոտքից զրկված հաշմանդամներից առաջինն է, որ հաղթահարել է այդ բարձրությունը: Ալեքսան Բայանդուրյանը հաշմանդամ է դարձել Արցախյան ազատամարտի ժամանակ` 1993-ին, ականի պայթյունից: «Ձախ ոտքի ծնկից վերեւ անդամահատումը» նրա համար չդարձավ կյանքից հուսահատվելու պատճառ: Երկու զավակների հայր Ալեքսան Բայանդուրյանը Հայաստանի ամենաակտիվ հաշմանդամ մարզիկներից է, սայլակով մասնակցել է բազմաթիվ մարաթոնների: 1997-ից, ամեն տարի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնած Արագածի վերելքների մասնակից է: Արարատ բարձրանալու երազանքը, երեք տարվա մարզումներից ու կազմակերպական խնդիրների հաղթահարումից հետո, վերջապես իրականացավ: 2010թ. օգոստոսի 4-ին Ալեքսան Բայանդուրյանը միջազգային արշավախմբի կազմում հասավ Արարատի գագաթ: «Տեղյակ չէի, թե ինչ դժվարությունների կարող էի բախվել վերելքի ընթացքում: 4200 մ բարձրությունից սկսվեցին հիմնական դժվարությունները, սակայն թթվածնի պակասը, գլխացավը հաջողությամբ հաղթահարեցի: Իմ ուխտն էր մեր բոլոր զոհված ազատամարտիկների փոխարեն բարձրանալ գագաթ եւ ես հասա իմ նպատակին: Ափսոս, որ մշուշի պատճառով Հայաստանը տեսնել չստացվեց»,- այսօր` օգոստոսի 11-ին կայացած ասուլիսում հայտարարեց Ա. Բայանդուրյանը: Նշենք, որ մինչ օրս մեկ ոտք ունեցող որեւէ մեկը չէր բարձրացել Արարատի գագաթ: Այժմ Ալեքսան Բայանդուրյանի մտադրություններն ուղղված են ավելի բարձր գագաթների հաղթահարմանը: Նպատակն Էվերեստն է: «Անպայման պետք է լինեմ Էվերեստի գագաթին: Երեք տարվա ջանքերից հետո բարձրացա Արարատ: Տեսնենք` քանի տարի կպահանջվի Էվերեստի գագաթ հասնելու համար»: Հայաստանի Պարաօլիմպիական կոմիտեի նախագահ, հաշմանդամների «Փյունիկ» միության ղեկավար Հակոբ Աբրահամյանն ամփոփելով ասուլիսը նշեց, որ շատ մարդիկ հաշմանդամությունից հետո հուսալքվում են: «Պետք է հասկանալ, որ ոտք կորցնելով կյանքը չի ավարտվում: Պետք է ակտիվ ապրել»,- ասաց նա: Հակոբ Աբրահմյանը բոլոր հաշմանդամներին, նաեւ լրագրողներին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 21-ին հաշմանդամների «Փյունիկ» միության ավանդական վերելքին` Արագած լեռ:

No comments: