Thursday, August 19, 2010

Մեկ կետ պայմանագրում, որը կօգնի զսպել Ադրբեջանին. Դեմկուսի ղեկավարի տեսակետը

Tert.am. 19-8-2010- «Հստակ կարելի է ասել միայն մեկ բան, որ Հայաստանը գոնե տեսանելի ապագայում զերծ է պահում իրեն և Ղարաբաղին պատերազմի վտանգից։ Ինչ կլինի 5, 10, 15 տարի հետո, այլ հարց է, բայց ես կարծում եմ, որ այսօրվա որոշումն իրավիճակային որոշում էր»,– անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության մասին պայմանագրում սպասվող փոփոխություններին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։ Tert.am–ի հարցին, թե արդյո՞ք ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը կզսպի Ադրբեջանին պատերազմ սկսել, Դեմկուսի ղեկավարը պատասխանեց. «Ոչ թե ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը, այլ այն մի նախադասությունը, որ ավելանում է պայմանագրում, որ Ռուսաստանը պաշտպանելու է ՀՀ անվտանգությունը, այսինքն՝ իրականացնելու է համատեղ գործողություններ։ Այսինքն, Ռուսաստանն ստանձնում է ուղղակի պարտավորություն՝ ապահովելու ՀՀ անվտանգությունը, սա է որոշիչն այդ պայմանագրի և ոչ թե ժամկետը»։ Ըստ Սարգսյանի, ռազմաբազաների ժամկետի երկարաձգումն էական չէ, քանի որ յուրաքանչյուր պահի կողմերից մեկը կարող է այն պայմանագիրը դադարեցնելու պատճառաբանություն ներկայացնել։ Շարունակելով պատերազմի հնարավորության թեման՝ կուսակցության նախագահը նշեց. «ԼՂ–ի պաշտպանը Հայաստանն է ու ամբողջ հայ ժողովուրդը, և այդ պարագայում անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Հայաստանի բանակն ունենան զինվածության այնպիսի մակարդակ, ինչպիսին որ ունի այսօր Ադրբեջանը, ինչում մեզ պատրաստվում է աջակցել Ռուսաստանը»։

No comments: