
News.am. 4-8-2010- Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կարող են առավել վճռական գործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ձգտում է այդ հարցում չեզոք դիրք գրավել: «Բայց այդ կապակցությամբ ցանկանում եմ հիշեցնել Չերչիլի հայտնի խոսքերը՝ հրշեջների եւ հրդեհի միջեւ չի կարելի չեզոք դիրք գրավել, պետք է լինել հրշեջների կողմում»,- ասել է դեսպանը:
Դիվանագետը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի Ռուսաստանի նպատակն է կանխել զինված բախումը: «Այսօր Ռուսաստանը շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Մինսկի խումբը ջանքեր է գործադրում, որ գտնի լուծումը, բայց ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում»,- կարծում է Աքընջըն:
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ պետք է ավելի վճռական լինել, դեսպանը պատասխանել է. «Չէի ուզենա ասել, թե կոնկրետ ինչ կարող են անել Ռուսաստանն ու Ամերիկան, բայց վստահ եմ, որ այդ պետությունների ձեռքին այսօր լուրջ միջոցներ կան ազդելու համար»:
Դեսպանը մեկ անգամ եւս հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, երբ առաջընթաց գրանցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, հաղորդում է 1news.az-ը:
No comments:
Post a Comment