«Լրագիր», 03.09.10: Քաղաքական աշնան օրակարգի մասին սեպտեմբերի 3-ի ասուլիսում հնչած հարցին, Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, որ իհարկե նախորդ աշնան համեմատ օրակարգային տարբերություն կա, եւ դա բնական է, քանի որ կյանքը առաջ է գնում եւ նոր հարցեր, նոր զարգացումներ են լինում: Լեւոն Զուրաբյանն ասել է, թե կյանքն ինքը թույլ չի տա, որ քաղաքական ուժերը հայտնվեն միեւնույն ցիկլի մեջ:
Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, թե լավ է, որ իշխանությունը հանդես չի եկել արտաքին մի այնպիսի նախաձեռնությամբ, որը հայ-թուրքականի նման “պայթեցնելով ավանդական պատկերացումները”, ստիպում է, որ հասարակության ուշադրությունը շեղվի այդ հարթության վրա, եւ օրակարգը ձեւավորվի դրա շուրջ: Այդօրինակ նախաձեռնության բացակայությունը, ըստ Լեւոն Զուրաբյանի, իրենց ձեռքերն ազատում է, որպեսզի իրենք ավելի ազատ գործեն եւ իշխանությանը պարտադրեն երկրի համար առավել կարեւոր հարցերի իրենց օրակարգը:
Ինչ վերաբերում է երրորդ ուժի մասին խոսակցություններին, մասնավորապես այն ֆոնի վրա, որ Ռոբերտ Քոչարյանն ակտիվանալու է եւ ստեղծելու է այդ ուժը, Լեւոն Զուրաբյանն ասել է, թե երկու տարի է հենց դա են լսում: “Բա ինչու չեն ստեղծում”, հարցրել է նա: Նրա խոսքով, իրենք հանգիստ են վերաբերում նոր ուժի ստեղծման հեռանկարին: Եթե այդ ուժը կօգնի մեզ բռնապետության դեմ պայքարում, ապա կողջունենք դրա առաջացումը, իսկ եթե կծառայի այդ բռնապետության դեմ պայքարը շեղելուն, ապա մենք կբացահայտենք այդ նոր ուժի դեմքն ու ամեն ինչ կասենք դրա մասին, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:
Ի դեպ, նա ասել է, թե խոսում են երրորդ ուժի մասին, սակայն այժմ դեռ միայն երրորդական ուժեր կան:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment