Friday, September 24, 2010

Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանին մեղադրել է «էթնիկ զտումների» համար

Tert.am. 24-9-2010- Ղարաբաղյան հակամարտությունը մեծ սպառնալիք է ներկայացնում միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը։ Այս մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Միջազգային հանրությունն ընդունել է, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, հակամարտության ընթացքում տեղի ունեցած ծանր հանցագործությունների, ադրբեջանական օկուպացված տարածքներում էթնիկ զտումներ իրականացնելու համար», - ասել է Ալիևը:
Բացի այդ, Ադրբեջանի նախագահը, հայկական կողմին մեղադրելով ղարաբաղյան համակամարտությունը սրելու համար, հայտարարել է, որ Հայաստանը «նախապատվությունը տալիս է անկանխատեսելի հետևանքներով սրմանը»:
«Հակառակ այն բանին, որ չեն դադարում հակամարտության արագ կարգավորմանն ուղղված քաղաքական ջանքերը, Ադրբեջանի օկուպացված շրջաններում իրականացվող գործունեությունը կոպտորեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ Հայաստանը «աջակցում է օկուպացված տարածքների անօրինական բնակեցմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում այդ տարածքներում ադրբեջանական մշակութային և պատմական հետքն ու արմատները ոչնչացնելու համար»:

No comments: