Saturday, September 18, 2010

Թուրքերին չի հաջողվում համերգ կազմակերպել Հյուսիսային Կիպրոսում. տապալվել է նաև Ռիհանայի համերգը

Tert.am. 18-9-2010- Սեպտեմբերի 7–ին (ըստ որոշ աղբյուրների՝ սեպտեմբերի 15–ին), թուրքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Քիրենիա քաղաքում նախատեսված էր երգչուհի Ռիհանայի անվճար համերգը։ Երգչուհին պետք է հանդես գար Fashion Castle Hotel–ի բացման արարողությանը։
Կիպրոսցի հույներն այս առնչությամբ քարոզարշավ էին սկսել երգչուհու ելույթի դեմ։
Սեպտեմբերի 7–ը վաղուց անցել է, բայց այդ համերգի մասին որևէ տեղեկություն չկա՝ գրում է Armenian Weekly–ն։
Ըստ որոշ աղբյուրների, նախատեսվում էր, որ երգչուհին Ջասթին Թիմբերլեյքի հետ համերգով հանդես է գալու Քիրենիայում։ Նույն աղբյուրի համաձայն, Ռիհանայի հոնորարն այդ ելույթից կազմելու էր 1 մլն դոլար, իսկ Թիմբերլեյքինը՝ 2 մլն։
Cyprus Today–ը օրերս տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ջասթինը չի պատրաստվում ելույթ ունենալ Հյուսիսային Կիպրոսում։
Facebook–ում «Ըննդեմ օկուպացված Կիպրոսում Ռիհանայի ելույթի» ստորագրահավաք է սկսվել, որին միացել է 9000 անդամ, միաժամանակ, մեկ այլ արշավ է սկսվել ինտերնետում «Ռիհանան 2010թ. սեպտեմբերին ելույթ կունենա Հյուսիսային Կիպրոսում», որին միացել է 7500 անդամ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսն էր չեղյալ հայտարարել իր ելույթը Հյուսիսային Կիպրոսում՝ Cratos հյուրանոցի բացման արարողությանը։
Լոպեսի ներկայացուցիչն ասել էր. «Լոպեսը երբեք չի պաշտպանի այն ռեժիմին, որը ոտնահարել է մարդու իրավունքները»։
Նշենք, որ Կիպրոսը բաժանվել է 1974թ.՝ թուրքական ներխուժումից հետո։

Թուրքիան միակ պետությունն է, որ ճանաչում է Կիպրոսի հյուսիսային հատվածը որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։

No comments: