Saturday, September 18, 2010

«Մուսավաթ». «Իշխանությունն սկսել է նախապատրաստվել ընտրակեղծիքներին»

Panorama.am. 18-9-2010- Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հանդես է եկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի շարք ընտրական տեղամասերում կատարվող ապօրինությունների մասին հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթը», երեկ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ընտրությունները կեղծելու ուղղությամբ իշխանությունն արդեն սկսել է կոնկրետ քայլեր իրականացնել: Իշխանությունը բնակշահագործման տեղամասերին, տեղական գործադիր ներկայացուցիչներին հանձնարարել է պատրաստել իրենց տարածքներում բնակվող ընդդիմությանը կողմ մարդկանց ցուցակը:

«Հենվելով նախկին ընտրությունների փորձի վրա` կարող ենք ասել, որ դրա նպատակը ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելն է, նրանց վախեցնելը, եւ եթե դրանք արդյունք չտան, տարբեր պատրվակներով նրանց անունները ընտրական ցուցակներից հանելն է: Մամուլում արդեն հրապարակվել է Սուրախանի շրջանում 60-րդ բնակշահագործման տեղամասի կողմից պատրաստված «Մուսավաթամետ բնակիչների ցուցակը»: Ցուցակում բերված են եւ «Մուսավաթ» կուսակցության անդամների, եւ կուսակցության համակիրների անուններն ու հասցեները»,- հայտնել է թերթը:

Հայտարարության մեջ «Մուսավաթ» կուսակցությունը հիշյալ փաստը գնահատել է որպես ընտրությունները կեղծելու գործընթացի մեկնարկ եւ իշխանությունից պահանջել վերջ դնել կամայականություններին, պատժել ապօրինությունների հեղինակներին եւ այն իրագործողներին: Կուսակցությունը նաեւ հայտարարել է, որ նման սպառնալիքներով եւ բռնություններով չեն կարող վախեցնել ընդդիմադիր ընտրազանգվածին:

No comments: