Tuesday, September 7, 2010

ԿՈՉ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՉՈՐՍ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐԻՆ

Ս.թ.սեպտեմբերի19-ին Աղթամար կղզում ներկայացվելիք թուրքական շոուն անմիջականորեն վերաբերում է հայ առաքելական սուրբ եկեղեցուն: Քսանչորս ժամով կամ թեկուզ մշտապես, խաչի տեղադրումը Աղթամարի Ս. Խաչ տաճարի, իսկ ըստ թուրքական կողմի` թանգարանի վրա, ինչպես նաև նախատեսված պատարագի մատուցումը, միայն զուտ կրոնական-եկեղեցական միջոցառում չէ: Սա ակնհայտ է բոլորի համար: Շահարկելով հայ հավատացյալ մարդու կրոնական զգացումները և պատմական հիշողությունը, թուրքական կողմը ձգտում է բացահայտ դիվիդենտներ շահել կրոնից դուրս այլ բնագավառներում, օրինակ` քաղաքականության մեջ: Բայց հենց այդ նույն պատմական հիշողությունը մեզ հուշում է, թե ցեղասպան այդ երկիրը ինչպես վարվեց հայ եկեղեցու ու նրա հազարավոր սպասավորների հետ Հայոց Մեծ եղեռնի ընթացքում: Եվ այսօր Աղթամարի Ս. Խաչն օգտագործելով որպես ինդուլգենցիա, Թուրքիան ձգտում է գնել հայկական կողմի գեթ բարյացկամությունը. կարևորն այն է, որպեսզի մեզ մեկնած թուրքական ձեռքը չմնա օդում կախված…

Խաչի բարձրացումը եկեղեցու վրա, պատարագի մատուցումը և այդ պատարագին 5-6 հազ. հայ հավատացյալների մասնակցությունը գերխնդիր չէ, ինչին ձգտում է թուրքական կողմը և ինչը որպես հալած յուղ ընդունվում է մեր որոշ հայրենակիցների կողմից: Թուրքական սցենարի շրջանակներում մեր մասնակցությունը անչափ շատ կարևոր է թուրքական կողմի համար: Իսկ մեզ համա±ր: Չմասնակցելով թուրքական դրոշների ծփանքի և Քեմալ Աթաթուրքի ՙհայրական՚ սևեռուն հայացքի ներքո մատուցվելիք այդ պատարագին, հայ մարդը բնավ չի դավաճանում խաչին կամ առավել ևս Աղթամարի Ս. Խաչ եկեղեցուն: Ճիշտ հակառակը, դրանով նա այդ արժեքները զերծ է պահում ստվերվելուց, պահում է անաղարտ: Դրանով նա հայտարարում է դիմացինին և ամբողջ աշխարհին, որ իր և իր եկեղեցու միջև չի ընդունում օտար, անկոչ միջնորդի: Մի միջնորդի, որը մատնացույց պետք է անի, թե ե±րբ և որքան ժամանակով պետք է խաչ դրվի Ս. Խաչի վրա և ե±րբ մատուցվի կամ չմատուցվի պատարագ…

Մասնակցելով այդ պատարագին, ի±նչ պետք է զգա հայ ճշմարիտ հավատացյալը: Հոգևոր բերկրա±նք, որ 92 տարվա ընդմիջումից հետո հայոց տաճարներից մեկն էլ լուսավորվեց մոմերի լույսով, պարուրվեց խնկաբույր ծխով և նրա 1000-ամյա պատերի ներսում նորից հնչեց ՙԱռավոտ լուսո, արեգակն արդար՚-ը: Իսկ աստված մի արասցե, եթե այդ հավատացյալը նույն այդ պահին մտովի պատկերացնի, որ հազարավոր այլ տաճարներ էլ սրբապղծված, հրկիզված, ավերված ու հողին հավասարեցված` էլ երբեք չեն հառնելու, որ նրանց պատերի ներսում ողջակիզված, մորթված ու գնդակահարված բազում տասնյակ հազարավոր հայ ծերերի, կանանց ու մանուկների հոգիները լուռ բողոքելու են կամոքն թուրքի մատուցվող այդ պատարագի դեմ, ի±նչ է անելու նա: Կարողանալու± է ազատվել այն ահավոր մտքից, որ իրեն դարձյալ խաբել ու հիմարացրել են այս էլ որերորդ անգամ: Որ իրեն գնել են մի կտոր հացով: Որ իրեն նվաստացրել են հենց իր իսկ խաչով ու պատարագով, որ այդ խաչն ու պատարագը հենց ծառայեցվել են այն բանին, որ Արևմտյան Հայաստանի հազարավոր այլ եկեղեցիներ մշտապես մնան ավերված, անխաչ ու անպատարագ:

Այն մտավախությունը, որ ՙՍեպտեմբերի 19-ի՚ շոուին հայերի չմասնակցելու դեպքում թուրքական կողմը իր ձեռքում կունենա կռվան` կարծրացնելու համար հայ պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման գործում հայ եկեղեցու և ընդհանրապես արևմտահայ համայնքի հանդեպ սեփական դիրքորոշումը, մտածածին է և լիովին հիմնազուրկ: Ճիշտ հակառակը: Դրանից հետո, թուրքական կողմը կհասկանա, որ հայերին այլևս հնարավոր չէ հիմարացնել նման էժանագին աճպարարություններով, որ նրանց պետք է ընդունել ավելի լուրջ և ավելի իրական ու շոշափելի ջանքեր գործադրել հայ-թուրքական հակամարտությունը թեկուզև չնչին չափով մեղմելու համար:

Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, բնավ պարտադիր չէ, որ հայ առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռները, ի մասնավորի Ս. Էջմիածինը, ս.թ. սեպտեմբերի 19-ին իրենց ներկայացուցիչներն ուղարկեն Աղթամար: Ծայրահեղ դեպքում, հասկանալի պատճառներով, Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը կարող է Ս. Խաչում պատարագի մատուցման համար ուղարկել մեկ քահանա , ոչ ավելի: Իսկ իհարկե շատ ճիշտ, իդեալական կլիներ, եթե սեպտեմբերի 19-ին Աղթամարում և Ս. Խաչում չլիներ և ոչ մի հայ: Իսկ ահա սեպտեմբերի 19-ին հաջորդող օրերին էլ եկեղեցին լեփ-լեցուն լիներ հայ ուխտագնացներով: Այս դեպքում, թուրքական կողմը ի վերջո կհասկանար, որ միշտ չէ, որ ինքն է լինելու խաղի կանոնները թելադրողը:

Մենք կոչ ենք անում Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո վեհափառներ Գարեգին Բ-ին ու Արամ Ա-ին և հայ առաքելական եկեղեցու մնացյալ երկու նվիրապետական աթոռների հովվապետերին, որպեսզի նրանք սեպտեմբերի 19-ի հարցում գրավեն ազգօգուտ դիրքորոշում, մերժեն հայության համար նվաստացուցիչ թուրքական շոուն` հավատարիմ մնալով Խրիմյան Հայրիկների, Ներսես Վարժապետյանների և Գարեգին Հովսեփյանների ավանդներին:

Հայաստանի Հայրենակցական Միություններ

No comments: