Wednesday, September 8, 2010

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը չի մասնակցելու Աղթամարի Ս.Խաչ եկեղեցու պատարագին

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը չի մասնակցելու սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց պատրիարքարանի դիվանապետ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Նա նշեց, որ պատարագին չմասնակցելու պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: «Քանի դեռ թուրքական կառավարությունը հավանություն չի տվել եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելուն, մենք չենք մասնակցի»,-նշեց Շիրվանյանը՝ հավելելով, որ եթե խաչն, այնուամենայնիվ տեղադրվի, պատիրարքությունը կմասնակցի միջոցառմանը:
Նա նշեց, որ անվստահություն ունեն թուրքական կառավարության նկատմամբ եւ քիչ հավանական են համարում, որ խաչն, այնուհանդերձ, պատարագից առաջ կտեղադրվի:
Հարցին, թե ինչպե՞ս է Երուսաղեմի պատրիարքությունը գնահատում այն փաստը, որ Պոլսո Հայոց պատրիարքությունը, չնայած խաչ չտեղադրելու հանգամանքին, որոշել է մասնակցել պատարագին, Շիրվանյանը պատասխանեց. «Պոլսո պատրիարքությունն ինքն է իր որոշումը կայացնում եւ մենք այդ որոշմանը միջամուղ չենք լինում»:
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւս հրաժարվել է մասնակցել նշված պատարագին: «Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ արված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որն ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»,-ասված էր Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝պատարագին չմասնակցելու որոշում էր կայացրել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, համարելով, որ դրանով «հստակ կեցվածք է որդեգրում Թուրքիայի ուրացման ու ժխտումի հետեւողական քաղաքականության, հայկական կյանքում շփոթ ստեղծելու եւ միջազգային համայնքին՝ իբրեւ մարդու իրավունքների պաշտպան ներկայանալու Թուրքիայի փորձերի դեմ»:
Հիշեցնենք, որ 2007-ին վերանորոգված եւ որպես թանգարան գործող Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ, այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար: Թուրքական իշխանությունները, սակայն, հայտարարել են, որ մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո:

No comments: