Tuesday, September 28, 2010

Թուրքիան Մերձավոր Արեւելքում Եվրամիության նման կառույց է ստեղծում

News.am – 27-9-2010- Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի եւ Հորդանանի ԱԳ նախարարները պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ: Դիտորդները խոսում են Մերձավոր Արեւելքում ԵՄ-ի օրինակով միություն ստեղծելու մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կհայտարարվի 4 երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա հունվարին Ստամբուլում: Մենք հույս ունենք, որ սա լավ նորություն է ոչ միայն այդ 4 երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Դավութօղլուն:
Առաջին անգամ 4 երկրներ պայմանավորվել են համագործակցել «երկարաժամկետ ռազմավարական գործընկերության մշակման» եւ «ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժի գոտու ստեղծման» շուրջ: Նրանք այդ համաձայնության եկել են այս տարվա հունիսին Ստամբուլում կայացած թուրք-արաբական ֆորումի ժամանակ: Այդ օրվանից Թուրքիան եւ Լիբանանը երկկողմ պայմանագիր են կնքել ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին եւ հանել վիզային ռեժիմը, դրանով դուռ բացելով ազատ առեւտրի գոտու ընդլայնման համար:
Դավութօղլուն հայտարարել է, որ համագործակցությունն առայժմ կկենտրոնացվի 4 ոլորտների վրա. Էներգետիկա, առեւտուր, տրանսպորտ եւ տուրիզմ: Նա նաեւ հաստատել է, որ ազատ առեւտրի գոտու դռները բաց են տարածաշրջանի բոլոր բարեկամ երկրների առաջ, հաղորդում է թուրքական Today Zaman թերթը:

No comments: