ՍԴՀԿ վաչության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն այսօր HayNews.am-ի խնդրանքով մեկնաբանել է երեկ Աստրախանում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, որով վերջինս հույս է հայտնել, թե հնարավոր է մինչև դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաղաժողովը կողմերը համաձայնեցնեն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրենց սկզբունքները, պատգամավորն ասել է. «Համանման հայտարարություններ բավական շատ են եղել, սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանք միշտ չէ, որ 100 %-ով իրականանում են»:
«Այստեղ պարզ է, որ հանդիպումն ուղղված էր բանակցային գործընթացը շարունակելուն»,-նշեց Վարդան Խաչատրյանը` հավելելով, որ այն համաձայնությունները, որ ձեռք բերվեցին` ռազմագերիների ու սպանվածների դիակների փոխանակման վերաբերյալ եղել են նախկինում, ինչը սակայն չի կիրառվել վերջին ժամանակներում:
«Ինչ վերաբերում է Աստանային, ապա պարզ է, որ եթե խոսքը գնում է սկզբունքների մասին, ապա դրանք պետք է հավասարապես վերաբերեն երկու կողմերին` այսինքն եթե խոսվում է Արցախի ազատագրված տարածքների վերադարձի մասին ու չի նշվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքների վերադարձի մասին, ապա այս դեպքում խոսքը գնում է ոչ թե կողմերի սկզբունքների, այլ նրանց պարտադրված պայմանների մասին»,-ասել է պատգամավորը:
Վարդան Խաչատրյանը նաև նշեց, որ սկզբունքների` որպես այդպիսիք ձևավորվելու գործընթացը շատ ավելի տևական ժամանակ է պահանջելու. «Իսկ թե ինչ ինտենսիվության աշխատանքներ կիրականացնեն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն այս ուղղությամբ, չեմ կարող ասել»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment