Thursday, October 28, 2010

ՀՀԿ. ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Երեկ Ռուսաստանի Աստրախան քաղաքում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման շուրջ այսօր մամուլի ասուլիսում իր կուսակցության տեսակետներն է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի ռազմական ռիտորիկայի և վերջին սահմանային միջադեպի ֆոնի վրա, երբ հայ զինծառայող զոհվեց, Աստրախանի հանդիպումը կարևոր ձեռքբերում է:
“Սա մայնդորֆյան հռչակագրի շարունակությունն էր` այսինքն, հարցը պետք է լուծվի ուժի չկիրառման և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Սա հարված էր Ադրբեջանին: Հաջորդ կարևորը ձեռքբերումը ռազմագերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունն է: Հայկական կողմը այս հարցում միշտ պատրաստակամություն է ցուցաբերել”, ասել է Շարմազանովը:
Այս ամենով հանդերձ, ՀՀԿ խոսնակը 2 դժվարություն է տեսնում: Առաջինը դա անվստահությունն է Ադրբեջանի նկատմամբ, որ նա պատրաստ է աշխատել միջազգային նորմերի շուրջ, և որ երկակի ստանդարտների չի դիմի, երբ բանակցությունների սեղանին Ալիևը մի բան է ասում, իսկ Բաքվում բացարձակ այլ բան, ինչպես դա եղավ Մայնդորֆից և Պետերբուրգից հետո:
Երկրորդը, ըստ Շարմազանովի, այն է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների համաձայնության հնարավոր չէ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալ, և որ Հայաստանը միշտ ամենաբարձր մակարդակով նշել է բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը:
Շարմազանովը նշել է, որ Աստրախանի հանդիպումը կարևոր լինելով հանդերձ, չպետք է գերագնահատել, և սա հերթական հանդիպում էր, որը կարող է օգտակար լինել:
ՀՀԿ խոսնակի կարծիքով, չնայած որ Արևմուտքի և Ռուսաստանի շահերը համընկնում են Ղարաբաղի հարցում, Հայաստանը պետք է հույսը իր վրա դնի: “Որպես ազգայնական կուսակցության անդամ ասում եմ, որ եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի: Եթե հույսներս դնենք արդարության վրա և սուրը դնենք պատյանը, ապա կպարտվենք”, ասել է նա:
Շարմազանովը, չբացառելով պատերազմի հնարավորությունը, նշել է, որ այն լայնածավալ չի լինի և սկսող կողմը կպարտվի: Ինչ վերաբերում է ադրբեջանական դիվերսիաներին, նա նշել է, որ ղարաբաղյան ուժերը միշտ հստակ պատասխան են տալիս:

No comments: