Wednesday, October 13, 2010

Հայաստանում կանոնավոր ծխում է չափահաս մարդկանց 27%-ը

Tert.am. 12-10-2010- Այսօր Հայաստանում նշվում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը՝ ՀՀ կառավարության 2008թ.-ի որոշման համաձայն։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանում չափահաս մարդկանց 27%-ը կանոնավոր ծխող է։
Ըստ հետազոտությունների` դպրոցականների շրջանում (13-15 տարեկան) ընթացիկ ծխողներ են համարվում 3.5%-ը (6.1% տղաները և 1.2% աղջիկները)։ Հայաստանի համար այս ցուցանիշը բարձր է, չնայած Եվրոպական տարածաշրջանում այս տարիքի երեխաների 27-30%-ն է ծխում։
Երկրորդային ծխախոտի ծխի ներգործությունը նույնպես լուրջ գործոն է հայաստանցիների համար: Թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենքներ և օրենսդրական ակտեր արդեն ընդունվել են, սակայն գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ:
Ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ մեր երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը: Այս տարի ՀՀ կառավարությունը հաստատել է «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը», որը կիրականացվի 2010-2015թթ. ընթացքում:
Հայաստանը 2004թ. հոկտեմբերի 12-ին միացել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից։

No comments: