Wednesday, October 13, 2010

Ամեն 6.5-րդ վայրկյանում ինչ-որ մեկը մահանում է ծխախոտից

Նման տվյալներ ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծխի ներգործությունը հիվանդության, մահվան և հաշմանդամության պատճառ են դառնում: Այս մասին յուրաքանչյուր ոք տարբեր ճանապարհներով պարբերաբար լսում և տեղեկանում է ողջ աշխարհում, սակայն համապատասխան կառույցների, կազմակերպությունների կոչերը, պայքարը դեռ իրենց արդյունքը չեն տվել: Ներկայացվող թվերը դեռ մտահոգիչ են` աշխարհում մոտավորապես 1,1 միլիարդ մարդ ծխող է: Սպասվում է , որ մինչև 2025 թվականը այդ թիվը կհասնի ավելի քան 1,6 միլիարդի: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ծխողների մեծ մասը սկսում է ծխել մոտ 20 տարեկանում, սակայն այդ տարիքը գնալով փոքրանում է: Ամբողջ աշխարհում 33 մլն մարդ զբաղված է ծխախոտ աճեցնելով, որոնցից մոտավորապես 15 մլն-ը աշխատում է Չինաստանում, ևս 3.5 մլն-ը` Հնդկաստանում: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 1 026 640 000 հատ սիգարետ, սիգար և սիգարիլլա:
Այսօր արդեն չի կարելի ասել, որ ծխողներն ամբողջովին չեն գիտակցում հիվանդության և վաղաժամ մահվան վտանգի աստիճանը, սակայն անտեսում են եւ Աստծո կողմից պարգեւած իրենց առողջ մարմինը եւ միջավայրը` մարդկանց, որոնք ակամա պասսիվ ծխողներ են դառնում:
Ծխախոտը և ծխախոտի ծուխը 4000 քիմիական միացություններ է պարունակում: Օրական 10 գլանակ ծխելու դեպքում օրգանիզմում 1-2 տարվա ընթացքում կուտակվում է վնասակար նյութերի մոտ 2 կգ, 10 տարի ծխելուց հետո` 4 կգ, 20 տարվա ընթացքում` մոտ 6 կգ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ թոքերի քաղցկեղով հիվանդության 85 %-ի պատճառը հենց ծխելն է:
Ծխողների 20 %-ը հիվանդանում և մահանում է չարորակ ուռուցքից: Քրոնիկ բրոնխիտը ծխողների մոտ հանդիպում է 5-7, ինֆարկտը՝ 2-8 անգամ ավելի հաճախ, քան չծխողների մոտ:
2008 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն այս օրը` հոկտեմբերի 12-ը, հաստատել է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:
Օրը պատահական չէ ընտրված` 2004 թ. այս օրն ընդունվել է "Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին" ՀՀ օրենքը , որի համաձայն` արգելվում է ծխել կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններում:
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին` 54.7%-ը, ծխող է: Կանանց շրջանում հիմանականում ծխում են 35-55 տարեկանները, և տոկոսային աճ չի գրանցվել վերջին տարիներին:
Ըստ տարբեր հաշվարկների, եկող տարվա ընթացքում ծխախոտը կսպանի մոտավորապես 4 մլն մարդ ամբողջ աշխարհում: Արդեն իսկ 10 չափահասից մեկի մահվան պատճառը ծխախոտն է: Եթե ներկայիս միտումը շարունակվի, ապա մեր օրերում ապրող մոտ 500 մլն մարդ ի վերջո կդառնա ծխախոտի զոհ, ընդ որում նրանց կեսը միջին տարիքում` կյանքից կորցնելով 20-25 տարի:
Լավ տեղեկացված լինելու դեպքում շատերը փորձում են ազատվել նիկոտինային կախվածությունից: Տպավորությունն այնպիսին է, որ կամ ծխողները չեն գիտակցում ծխախոտի բոլոր հետեւանքները, կամ կարծում են, որ հիվանդությունն իրենց չի սպառնում: Հաճախ արդարացումներ են հնչում` ծխելու սովորությունն այնքան մեծ է, որ նույնիսկ շատ ցանկանալու դեպքում հրաժարվելու հնարավորություն չկա, որն անշուշտ ընդամենը պատրվակ է:
Պատրաստեց
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ

No comments: