Monday, October 25, 2010

Խալաֆյանի գործով մեղադրյալի համար 8 տարվա ազատազրկում են պահանջել

Tert.am. 25-10-2010- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Վահան Խալաֆյանի գործով դատական նիստը։ Մեղադրող կողմը հանդես է եկել մեղադրական ճառով՝ պահանջելով գլխավոր ամբաստանյալ Չարենցավանի ոստիկանութան քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ գործով անցնող մյուս երեք օպեր-լիազորների նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել։
Նոյեմբերի 1-ին ճառով հանդես կգա պաշտպանական կողմը, որից հետո կորոշվի դատավճռի հրապարակման օրը ։
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել այս տարվա ապրիլի 13-ին։ Նույն օրը Խալաֆյանը մահացել էր։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգումների ենթարկվելու պատճառով Խալաֆյանը դանակի միջոցով ինքնասպանություն է գործել։ Սակայն իրավապաշտպաններն ու մահացածի հարազատները պնդում են, որ Խալաֆյանը ոստիկանների ձեռքով է սպանվել։
Գործով մեղադրվող ոստիկանների թիվը 4-ն է՝ Աշոտ Հարությունյանը և երեք օպեր-լիազոր։ Նրանք մեղադրվում են Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու համար։

No comments: