Tuesday, October 12, 2010

Նոբելյան մրցանակի արժանացան երեք տնտեսագետներ

Tert.am. 11-10-2010- Նոբելյան կոմիտեն այսօր հայտարարեց տնտեսության ոլորտում 2010թ. Նոբելյան մրցանակակակիրների անունը։
Տնտեսության Նոբելյան մրցանակին այս տարի արժանացան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ Պիտեր Դայմոնդը (ԱՄՆ), ԱՄՆ հյուսիս արևմտյան համալսարանը ներկայացնող՝ աշխատաշուկայի մասնագետ Դեյլ Մորթենսենը (ԱՄՆ) և Տնտեսագիտության ու քաղաքական գիտությունների Լոնդոնյան դպրոցի ներկայացուցիչ Քրիստոֆեր Պիսարիդեսը (Կիպրոս), որոնք զբաղվում են շուկաների ուսումնասիրությամբ։
Կարգավորիչների և տնտեսական քաղաքականության գործողությունների ազդեցությունը գործազրկության, թափուր աշխատատեղերի և աշխատավարձի վրա ուսումնասիրության համար գիտնականները կստանան 1,5 մլն դոլար։
Նշենք, որ այսօր ավարտվեց Նոբելյան 109–րդ մրցանակաբաշխությունը։
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակաբաշխությունն սկսվեց հոկտեմբերի 4–ին: Այդ օրը պարզ դարձավ ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում Նոբելյան 2010 մրցանակակիրը, մրցանակին արժանացավ արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսը։
Հոկտեմբերի 5–ին հրապարակվեց ֆիզիկայի բնագավառում 2010թ. Նոբելյան մրցանակակիրների անունները։ Դրան արժանացան Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆենը ստեղծելու համար
Հոկտեմբերի 6–ին հայտարարվեց քիմիայի բնագավառում Նոբելյան դափնեկրի անունը. մրցանակին արժանացան ամերիկացի Ռիչարդ Հեքը և ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։
Հոկտեմբերի 7–ին պարզ դարձավ գրականության ասպարեզում 2010թ. Նոբելյան մրցանակակրի անունը,այդ մրցանակին արժանացավ պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսան «անհատի ընդդիմության, ապստամբության և պարտության վառ կերպարների համար»։
Խաղաղության ասպարեզում 2010թ Նոբելյան մրցանակին հոկտեմբերի 8–ին արժանացավ քաղբանտարկյալ, չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»։
Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն, ֆիզիոլոգիայի և բշժկության, քիմիայի, ֆիզիկայի, գրականության և տնտեսության ոլորտներում Նոբելյան մրցանակները հայտարարվում են Ստոկհոլմում, իսկ խաղաղության ասպարեզում մրցանակը՝ Օսլոյում։ Իր կտակում այսպես է պատվիրել Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելը։
Դափնեկիրներն իրենց մրցանակները (յուրաքանչյուր ասպարեզում՝ 1,5 մլն դոլար), կստանան միայն դեկտեմբերի 10–ին։
Նշենք նաև, որ Նոբելյան մրցանակների թեկնածուների անունները գաղտնի են պահվում, այս տարվա Նոբելյան թեկնածուների ամբողջական ցանկը հայտնի կդառնա միայն 50 տարի անց, այդ փաստաթուղթը հնարավոր կլինի գտնել շվեդական և նորվեգական ակադեմիանների արխիվներոմ միայն 2060թ.։

No comments: