Tuesday, October 12, 2010

Մեդվեդեւը Շվարցենեգերին առաջարկել է դառնալ Մոսկվայի քաղաքապետ

News.am. 11-10-2010- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Առնոլդ Շվարցենեգերին առաջարկել է զբաղեցնել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը, որը թափուր է մնացել Յուրի Լուժկովին հեռացնելուց հետո: Միաժամանակ Մեդվեդեւը ափսոսանք է հայտնել, որ «Տերմինատորը» Ռուսաստանի քաղաքացի չէ, որպեսզի, իսկապես, կարողանար դառնալ Մոսկվայի քաղաքապետ: «Եթե Դուք լինեիք ՌԴ քաղաքացի, կարող էիք նաեւ աշխատել մեզ մոտ»,- ասել է Մեդվեդեւը, հաղորդում է finam.ru-ն:
Հանդիպումից անմիջապես հետո Մեդվեդեւն իր հյուրին տարել է Սկոլկովո, որտեղ ՌԴ կառավարությունը մտադիր է կառուցել ԱՄՆ Սիլիկոնային հովտի նմանությամբ մի հովիտ: Շվարցենեգերի խոսքով, իր համար հաճելի էր իմանալ նման նախաձեռնության մասին: «Մենք հիմա կգնանք այնտեղ, կհանդիպենք ամերիկյան ներդրող ընկերությունների ղեկավարներին, նրանց ռուս գործընկերներին: Ես վստահ եմ, որ ռուս գիտնականները, որոնք զբաղվում են ներդրումային մշակումներով, ամերիկյան գործընկերների հետ կկարողանան հրաշք գործել եւ ստեղծել տեխնոլոգիական բում»,- ասել է Շվարցենեգերը:
Այս հանդիպումից հետո հոլիվուդյան նախկին աստղը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Շրջեցի Դմիտրի Մեդվեդեւի հետ նրա հրաշալի մեքենայով: Դուք հրաշալի վարորդ եք, պարոն նախագահ»:
Հարուստ օրվա ավարտին Շվարցենեգերը մտել է մոսկովյան ԳՈՒՄ, որն իր ճարտարապետությամբ, քաղաքի տեսարժան վայրերից մեկն է, որտեղ նաեւ առեւտուր է արել: Սկզբում Կալիֆորնիայի նահանգապետը մտել է սպորտային բաժին եւ մի քանի փաթեթով դուրս եկել: Այնուհետեւ նա ուղեւորվել է ռուսական հուշանվերների խանութ, որտեղ նրա ուշադրությունը գրավել են CCCP մակագրությամբ ֆուտբոլային կոշիկները:
Այդ ընթացքում ԳՈՒՄ-ի դիմաց հսկայական ամբոխ է կուտակվել: Կալիֆորնիայի նահանգապետը դուրս է եկել խանութից եւ շփվել իր երկրպագուների հետ:

No comments: