Wednesday, October 13, 2010

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ «ԼՍԵՑԻՆ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՁԱՅՆԸ»

«ԱԶԳ», 13-10-2010- Այսօր Քելբաջարից Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն: Հիշեցնենք` համանախագահները իրականացրին հերթական փաստահավաք առաքելությունը (առաջինը տեղի էր ունեցել 2005-ին) Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Երեկ Ստեփանակերտում կազմակերպված ասուլիսի ժամանակ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ընդգծելով, որ իրենք «գործում են անկախ եւ չեն փորձում որեւէ բան անել ի շահ այս կամ այն կողմի», նշել է. «Առաքելությունը դեռ ավարտված չէ, իսկ ավարտվելուն պես մենք արդյունքները կներկայացնենք առաջին հերթին հակամարտող կողմերին»: Ֆասիեի ամերիկացի գործընկեր Բրադկեն, իր հերթին, հաստատել է այն տեղեկությունները, որ նմանատիպ առաքելություն կանցկացվի նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքներում. «Համանախագահներն ու ՄԱԿ-ի փորձագետների փաստահավաք առաքելությունը այցելելու են նաեւ հակամարտության կարգավորման համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր տարածքները: Մենք պետք է հասկանանք այդ տարածքների իրավիճակն ու լսենք այնտեղ ապրող մարդկանց ձայնը», նշել է Բրադկեն: Այս առումով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է. «Համանախագահներն այցելեցին Քաշաթաղի, Հադրութի, Ասկերանի շրջաններ: Նշեմ, որ մեզ համար անհանգստանալու որեւէ բան չկա` նրանք եկել են, տեսել են, եւ հիմա թող ավելի լավ պատկերացնեն` ինչպես է ժողովուրդը մտածում, ինչպիսի կյանք ունի մեր ժողովուրդը, ինչ են ուզում, ապագայի հանդեպ իրենց վստահությունը եւ այլն: Սա, ինձ թվում է, նրանց համար ուսանելի կլինի: Ամերիկացի եւ ռուս համանախագահները անձամբ չեն եղել Արցախի Հանրապետության շրջաններում, այլ միայն Ստեփանակերտում. թող գնան, շփվեն մարդկանց հետ, բնությանը ծանոթանան, ու ընդհանրապես ավելի լավ ճանաչեն մեր հանրապետությունը»:
Նշենք նաեւ, որ ԼՂՀ-ում գործող մի շարք կուսակցություններ եւ կազմակերպություններ նամակ են ուղղել ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնել, թե ինչո՞ւ է առաքելությունը կազմակերպվում միայն ԼՂ տարածքում: Այս առումով Դավիթ Բաբայանը նշել է. «Նրանք անպայման կայցելելեն նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր տարածքներ: Իհարկե, ժամկետը դեռ չկա, բայց կարելի է ակնկալել, որ դա տեղի կունենա 2011-ին: Սակայն անհրաժեշտ է, որ Ադրբեջանը չխոչընդոտի. այդպիսի մտադրությունը համանախագահներն ունեն, եւ տեսնենք, թե երբ այն իրականություն կդառնա»: Ադրբեջանի ստեղծելիք խոչընդոտները, թերեւս, ժամանակի ընթացքում «անհետանան», քանի որ Մինսկի խմբի ամերիկացի նախագահն ինքն է ընդգծում. «Մենք կայցելենք հակամարտության կարգավորման համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր տարածքները»:
Երեկ համանախագահների` Ստեփանակերտում տված ասուլիսից առաձնացնենք եւս մեկ ուշագրավ հանգամանք: Պատասխանելով հարցին` հայ գերի Մանվել Սարիբեկյանի Բաքվի բանտում մահվան վերաբերյալ, ռուս համանախագահ Իգոր Պոպովը նշել է. «Մենք կարծում ենք, որ այդ դեպքը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ, եւ համապատասխան միջազգային կառույցները պետք է ընդգրկված լինեն այդ գործընթացում»:
Հուսանք, որ հայ 20-ամյա հովվի «սպանություն-ինքնասպանությունը» իրոք ոչ միայն կքննվի, այլեւ արժանի կերպով կարձագանքվի` «համապատասխան միջազգային կառույցների» կողմից, հուսանք նաեւ, որ Ղարաբաղի բնակչության հետ «տեղում ծանոթացած, անկեղծ զրուցած, նրանց կյանքը տեսած եւ իրավիճակին ծանոթ» Մինսկի խմբի համանախագահները նույնպես առաջիկա զեկույցով կձգտեն խաղաղության եւ «չեն փորձի ինչ-որ բան անել ի շահ այս կամ այն կողմի»:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: