Wednesday, October 13, 2010

«ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒՄ Է, ԵԹԵ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՀԱՆՑԱՆՔ ՉԷ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԱՊԱ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՆՁ ԴԱՏՈՒՄ»

Հայտարարել է հայտնի թուրք գրող Թեմել Դեմիրերը
«ԱԶԳ», 13-10-2010- Վերջերս Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում բացվել է «Արտաքին քաղաքական հարցեր» բաժինը, որը ճանաչողական բնույթի է, բարձրացնում եւ պատասխանում է այն հարցերին, որոնք միջազգային ասպարեզում ծառացել են Թուրքիայի առջեւ, հետեւաբար ունեն թուրքական պետության համար առաջնահերթ նշանակություն:
Արտգործնախարարության mfa.gov.tr կայքէջում բարձրացված հարցերից թերեւս պետք է առանձնացնել «Ո՞ր փուլում է գտնվում Հայաստանի հետ Թուրքիայի նորմալացման գործընթացը», «Ի՞նչ է «ցեղասպանությունը», «Ի՞նչ է տեղի ունենցել 1915-ին», «Որո՞նք են ցեղասպանությունների հարցում Թուրքիայի որդեգրած ընդհանուր դիրքորոշումն ու քաղաքականությունը», «Որքա՞ն է տեղահանության ենթարկված հայերի թիվը», «Մի՞թե կյանքից զրկվել են տեղահանության ենթարկված բոլոր հայերը, ինչպես որ ենթադրվում է», «Լուծման ո՞ր տարբերակն է առաջադրում Թուրքիան 1915-ի իրադարձությունների շուրջը ծավալվող բանավեճերի առնչությամբ», «Ի՞նչ վիճակում են օսմանյան արխիվները, դրանք բա՞ց են ուսումնասիրողների առջեւ», «Ի՞նչ վիճակում են Հայաստանում եւ այլ երկրներում գտնվող հայկական արխիվները», «1915-ի իրադարձությունների որպես «ցեղասպանություն» բնութագրումը հանցա՞նք է Թուրքիայումՙ ենթակա՞ հետաքննության, թե՞ ոչ»:
Ի տարբերություն հարցերի, պատասխանները չենք գտել Թուրքիայի արտգործնախարարության կայքէջում: Սակայն, ինչպես հոկտեմբերի 9-ին վկայում է թուրքական «Աթիլիմհաբեր.օրգ» կայքէջը, վերջին հարցին պատասխանելիս արտգործնախարարությունը գրել է, որ 1915-ի իրադարձություններն որպես ցեղասպանության բնութագրելը հանցանք չի համարվում Թուրքիայում, դրա առնչությամբ որեւէ մեկի դեմ դատական գործ չի հարոցվել, ավելին, այդ առումով Թուրքիան անհամեմատ ազատ է, քան Եվրոմիության անդամ մի շարք երկրներ:
Այնուհետեւ արտգործնախարարությունը շարունակել է. «Թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ եւ ոչ էլ մեկ այլ հոդվածում չկա «Հայերի ցեղասպանության ուրացման» մասին դատավճիռ, ներկա պահին չկա որեւէ մեկը, որ 1915-ի իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն որակելու համար ենթարկված լինի հետաքննության: Հակառակ այն երկրների, որոնք օրենք են ընդունել «ցեղասպանության ուրացման մասին», բնագրով կամ թուրքերեն թարգմանությամբ Թուրքիայում ազատ վաճառվում են 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանության բնութագրվող գրքեր, հրապարակում են հոդվածներ եւ պարբերականներ: Ընդ որում այս գրքերի մեջ կան այնպիսի ուսումնասիրություններ, որոնք միանգամայն կարող են կրքոտ քարոզչության նյութ դառնալ: Հետեւաբար կարելի է ասել, որ Թուրքիան այն միակ երկիրն է, որտեղ 1915-ի իրադարձությունները ազատ եւ անկաշկանդ քննարկվում են»:
«1915-ի իրադարձություններիՙ որպես «ցեղասպանություն» բնութագրումը հանցա՞նք է Թուրքիայում, քննության ենթակա՞, թե՞ ոչ» հարցին արտգործնախարարության այս պատասխանին, ինչպես «Աթիլիմհաբերն» է նշում, բուռն հակազդեցությամբ արձագանքել է հայտնի թուրք գրող Թեմել Դեմիրերը, որին դատում են մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանության առնչությամբ ունեցած ելույթի համար քրեական օրենսգրքի 301 եւ 216-րդ հոդվածներով:
Դեմիրերը, առարկելով Թուրքիայի արտգործնախարարությանը, ասել է. «Սուտ են խոսում սրանք: 301 եւ 216-րդ հոդվածները խախտելու պատճառաբանությամբ իմ դեմ գործ է հարուցված «հակառակ պաշտոնական թուրքական եւ պետականորեն ընդունված տեսակետների, առաջ է քաշվում Հայոց ցեղասպանության տեսակետը» մեղադրանքով, որտեղ բառացիորեն տեղ է գտել «պաշտպանում է թուրքական պաշտոնական եւ պետական տեսակետներին հակասող հայերի ցեղասպանության թեզը» արտահայտությունը»:
«Հայերի տեղահանության հարցում թուրքական պետությունը պաշտոնական տեսակետ ունի՞» հարցի առնչությամբ Դեմիրերը ասել է, որ առ այսօր որեւէ պատասխան չեն ստացել: Ապա նա շարունակել է. «Ինձ մեղադրում են, որ պաշտպանել եմ հայերի ցեղասպանության թեզը, հակառակ թուրքական պետության պաշտոնական տեսակետների: Այս մեղադրանքը միանգամայն բավական է ասելու, որ այդ ընկերները կամ արտգործնախարարություն կոչված գործիքը բացահայտորեն ստում է: Եթե իրենց ասածը ճիշտ է, ապա ինչո՞ւ են ինձ դատում: Այսինքն, եթե այս հարցը (Հայոց ցեղասպանության) հաստատապես քննարկվում եւ քննարկումները երկրում ազատորեն վյճարկվում են, ապա ո՞րն է 301-րդ հոդվածով իմ դեմ գործ հարուցելու իմաստը: Իմ դեմ գործ է հարուցված «թուրքերի ինքնասիրությունը վիրավորելու» մեղադրանքով, իսկ մեղադրանքի պատճառաբանությունըՙ հայերի ցեղասպանության մասին իմ արտահայտվելը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: