Monday, October 11, 2010

ՆՐԱՆՔ ԻՆՉ Է, ԹԵՐԹԵՐ ՉԵ՞Ն ԿԱՐԴՈՒՄ

«Լրագիր» 11-10-2010- Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալը news.am-ին հայտնել է, որ Հայաստանում Թուրքիայի կողմից սահմանը խախտելու դեպք չի արձանագրվել, եթե արձանագրվեր, ապա այն անմիջապես կկանխվեր: Նա այդպես է մեկնաբանել թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Թուրքիայի մի քանի քաղաքական գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանն ի նշան սահմանի փակ լինելու դեմ բողոքի:
Ռուս սահմանապահների հաղորդած այդ տեղեկությունը առաջացնում է մի հարց` խախտման դեպք չի արձանագրվել, որովհետեւ այդպիսի դեպք չի՞ եղել, թե այն պարզապես չի արձանագրվել, որովհետեւ արձանագրելը ցանկալի չէր եւ այն կարող էր առաջացնել լուրջ աղմուկ: Համենայն դեպս, հետաքրքրական է, որ թուրքական տեղեկատվությանը, թե մի քանի գործիչներ անցել են հայ-թուրքական սահմանը, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն արձագանքում է ոչ այնքան օպերատիվ:

Ինչպես “Այն նույն Մյունհանուզենը” հայտնի ֆիլմի հայտնի հերցոգն էր հարցնում իր զորքերի հրամանատարին` “նրանք, ի՞նչ է, ձեզ մոտ, թերթեր չե՞ն կարդում”: Մի՞թե Հայաստանում ռուս սահմանապահները թուրքական թերթեր չեն կարդում: Մինչդեռ թվում է, որ նրանք հենց առաջինը պետք է կարդան ու առաջինը պատասխանեն այն երկրի թերթերին, որից պաշտպանում են հայ-թուրքական սահմանը: Ռուսաստանցի սահմանապահները թերեւս եթե ոչ հոկտեմբերի 10-ի գիշերը, ապա գոնե հենց հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պետք է պաշտոնական հայտարարություն տարածեին թուրքական լրատվության հաղորդած տեղեկատվության կապակցությամբ, եթե իրապես տիրապետում են իրավիճակին եւ վերահսկում հայ-թուրքական սահմանը:

No comments: