«Լրագիր» 25-10-2010- Milli yol թերթը հրապարակել է ուշագրավ տեղեկություն: Ըստ այդմ, Բաքվում Իրանի դեսպանատունը գաղտնի բանակցություններ է վարում Ադրբեջանի իսլամական կուսակցության հետ: Թերթի տեղեկացվածությամբ, պաշտոնական Թեհրանը խիստ անհանգստացած է այն լուրերից, որ ԱՄն եւ Մեծ Բրիտանիայի մի քանի պաշտոնյաներ ադրբեջանական կառավարությանը հորդորել են միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին եւ գրեթե հասել համաձայնության:Դա հարուցել է Իսլամական հանրապետության դժգոհությունը, եւ վերջինս որոշել է դիմել կանխարգելիչ քայլերի: Թերթի փոխանցմամբ, Բաքվում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցները վերջերս այցել են Նարդարան ավան, որի բնակչությունը հայտնի է կրոնական մոլեռանդությամբ: Տարվում են նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի Ադրբեջանի իսլամական կուսակցության նախաձեռնությամբ անցկացվի հզոր հանրահավաք, որին կարող է մասնակցել շուրջ 20 000 մարդ:
Իսլամական կուսակցությունը կարող է օգտագործել նախընտրական քարոզարշավի առիթը եւ պիկետներ կազմակերպել Բաքվում ԱՄՆ, Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ:
Թերթը նաեւ գրում է, որ ԻԻՀ-ն լուրջ աշխատանքներ է տանում Ադրբեջանի հարավային շրջաններում: Իրանական կողմը, նույն աղբյուրի փոխանցմամբ, բանակցություններ է վարել նաեւ ընդդիմադիր քաղաքական շրջանակների հետ, սակայն` ապարդյուն, քանի որ վերջիններս հիմնականում արեւմտյան կողմնորոշում ունեն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment