Thursday, October 14, 2010

Ա. Մարգարով. Ադրբեջանը «նավթադոլարները» օգտագործում է տարածաշրջանի ռազմականացման և ապակայունացման համար

Panorama.am. 13-10-2010- «Տարբեր տիպի էներգետիկ նախագծերը, որոնք կարող էին զարգանալ զուտ ֆինանսական տեսանկյունից կարող էին լինել առավել շահութաբեր, եթե դրանում ընդգրկված լիներ նաև Հայաստանը: Գաղնիք չէ, որ Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղն սկզբանական շրջանում որպես քաղաքական նախագիծ էր հանդես գալիս, որը սկզբում, ֆինանսական առումով այդքան էլ չէր արդարացնում, սակայն այն որպես քաղաքական նախագիծ իրագործվեց»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը էներգետիկ գործոնն այլ նպատակներով չի օգտագործել և չի էլ օգտագործում՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Նրա խոսքերով՝ մյուս կարևոր խնդիրը, որի վրա կարելի է շեշտ դնել, Ադրբեջանի ռազմական բյուջե ուղղվող գումարների մեծացումն է, և շատ անգամ այդ գումարները գալիս են զուտ այն ֆինանսական հոսքերից, ինչը Ադրբեջանը ստանում է նավթադոլարներից, այսինքն, դրա աղբյուրները՝ նավթադոլարներն են:
«Ադրբեջանը փոխանակ այդ գումարներն օգտագործի իր ժողովրդի բարեկեցության համար, նա այդ գումարները փորձում է օգտագործել ռազմականացման նպատակով, ինչը ստեղծում է անկայուն վիճակ, և որը հիմք է ստեղծում Ադրբեջանի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններին: Այսինքն՝ Ադրբեջանն այդ գումարներն օգտագործում է ոչ թե տնտեսության զարգացման, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման, այլ տարածաշրջանի ռազմականացման և ապակայունացման համար»,- նշեց Ա. Մարգարովը:
Նրա խոսքերով՝ նավթադոլարներից եկող բարիքներից օգտվում են մի քանի ընտանիքներ, այլ ոչ թե ողջ ժողովուրդը:
«Իսկ այսօր իրականությունն այն է, որ նավթադոլարային եկամուտները կենտրոնացված են շատ սահմանափակ թվով մարդկանց ձեռքում: Այս հանգամանքը նպաստավոր պայմաններ չի ստեղծում այդ երկրում ժողովրդավարական գործընթացների համար: Ադրբեջանը փոխանակ էներգետիկ գործոնն օգտագործի որպես կայունացնող միջոց, հակառակն է անում»,- հավելեց քաղաքագետը:

No comments: