Friday, October 8, 2010

ՄԱԿ-ում բարձրացվել էր Արցախի դրոշը

Tert.am. 7-10-2010- ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` բողոքելով, որ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության շենքի վրա բարձրացվել է Արցախի դրոշը։
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Աղշին Մեհդիևը իր նամակում Հայաստանին մեղադրել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան ու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ։
Նամակում նշվում է, որ հայկական առաքելությունը թաքցրել է իրողության հետքերը։
Ադրբեջանցի դիվանագետները, ինչպես երևում է, շատ արագ են աշխատել, և մի քանի ժամից դրոշն իջեցվել է։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ՄԱԿ-ում Ադրբեջանի առաքելության խոսնակ Սամիր Շարիֆովն ասել է, թե ադրբեջանական առաքելությունը «համապատասխան խողովակներով» դիմել է դրոշը իջեցնելու խնդրանքով, բայց չի մանրամասնել` ՄԱԿ-ի քարտուղարությա՞նն են դիմել, թե՞ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին։
ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելությունից հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ։
Վիեննայի կոնվենցիայի համաձայն` դիվանագիտական առաքելությունը անձեռնմխելիության իրավունք ունի և դիվանագիտական առաքելության շենքը, զբաղեցրած տարածքը սուվերեն է համարվում, բայց կարող է միայն մեկ դրոշ պարզել` այն երկրի, որը իրենք ներկայացնում են։
Որոշ բացառություններ կան. օրինակ` Եվրամիության անդամ երկրները իրենց պետական դրոշի հետ բարձրացնում են նաև ԵՄ դրոշը։

No comments: