Tuesday, October 12, 2010

Իրանցի պաշտոնյա. Երևան և Իսֆահան քույր քաղաքների բարեկամությունը հարատև կլինի, ինչպես երկու ժողովուրդների դարավոր բարեկամություն

Panorama.am. 12-10-2010- Իրանի և Հայաստանի ժողովուրդները, որպես տարբեր կրոնների հետևորդներ, ունեն պատմական խորը արմատներ, որոնք դարեր ի վեր տարբեր ոլորտներում ձևավորել են բարեկամական ջերմ հարաբերություններ: Իրանի և Հայաստանի, ինչպես նաև քույր քաղաքներ հռչակված Իսֆահանի և Երևանի բարեկամական հարաբերությունները կարող են օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար և ես համոզված եմ, որ մեր երկու քույր քաղաքների բարեկամական կապը հարատև կլինի, ինչպես երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն է:

Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Իսֆահան նահանգի նահանգապետի խորհրդական Ղոլամռեզա Շիրանը, ով օրերս Երևան էր ժամանել Էրեբունի-Երևան տոնակատարությանը մասնակցելու նպատակով:

«Իսֆահանն ունի բազմաթիվ քույր քաղաքներ, սակայն Երևանը առանձնանում է նրանով, որ ունի հազարամյա հերոսական պատմություն, որի մասին մենք կարդացել և լսել ենք մեր իրանահայ եղբայրներից, և ես այժմ երջանիկ եմ, որ մասնակցում եմ այս հրաշալի տոնակատարությանը: Քույր քաղաքների միջև առկա արդյունավետ համագործակցությունն անշուշտ կնպաստի երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների առավել զարգացմանը»,-նշեց պարոն Շիրանը:
«Իրանահայերը կողք կողքի իրենց մուսուլման եղբայրների հետ, որպես օրինապաշտ քաղաքացիներ, մասնակցում են քաղաքի բարեկարգման և զարգացման ծրագրերին: Ես հայերի ուրախությամբ ուրախանում եմ, տխրությամբ` տխրում»,- եզրափակում է Իսֆահանի նահանգապետի խորհրդականը:

No comments: