Tuesday, October 12, 2010

ԱՊԱԳԱՅԻ ԳԵՐԻՆԵՐԸ

«Լրագիր» 12-10-2010- Բոլոր հարցերի լուծման բանալիները արտաքին հարթության վրա որոնելու իշխանական մարտավարությունը թերեւս հաջողությամբ սկսել են կիրառել Հայաստանի ընդդիմադիր, եւ ընդդիմադիր համարվող կուսակցությունները: Օրերս Հայոց Համազգային Շարժումը, որը երկրի հիմնական ընդդիմության` Հայ Ազգային կոնգրեսի առանցքային ուժերից է, հռչակագիր ստորագրեց Վրաստանի եւ Ադրբեջանի ազատական կուսակցությունների հետ, որում հայտարարեցին տարածաշրջանում ազատական, համամարդկային արժեքները առաջ մղելու հաստատակամության մասին:
Թվում էր, թե ամենաազգային կուսակցության հավակնություններ ներկայացնող Դաշնակցությունը, որը նաեւ ազատական ՀՀՇ-ի ամենագաղափարական հակառակորդը լինելուն է հավակնում, Ադրբեջանի “Մուսավաթ” կուսակցության հետ համատեղ հռչակագիր ստորագրելու համար ՀՀՇ-ին գամելու էր անարգանքի այն սյունին, որին ամիսներ առաջ կարմիր բերետավորները “գամել” էին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանին, ով գլխավորում էր Ջավախքի համար Սահակաշվիլիի դեմ Երեւանում կազմակերպված ցույցը: Բայց Կիրո Մանոյանը վերցրեց ու ողջունեց ՀՀՇ-ի ստորագրած հռչակագիրը:

Դաշնակցական հանդուրժողության գաղտնիքը շատ պարզ էր` Կիրո Մանոյանը եւ ՀՅԴ եւս մեկ ներկայացուցիչ պատրաստվում էին գնալ Բաքու: Եվ գնացին: Բայց ոչ թե Բաքուն արյան ծով դարձնելու, այլ Սոցինտերնի հերթական համաժողովին մասնակցելու համար:

Ինչպես ասում են, բոլոր ճանապարհները Հռոմ են տանում, իսկ բոլոր գաղափարները տանում են Բաքու: Ազատական ՀՀՇ-ն տարածաշրջանային զարգացման պլաններ է մշակում Ադրբեջանի ազատականների հետ, իսկ սոցիալիստ եւ ազգային Դաշնակցությունն էլ սոցիալիզմի հետեւից գնում է Բաքու: Թող գնան, որեւէ վատ բան չկա: Վատ բանը եղել է արդեն` ադրբեջանցիները փախցրել ու սպանել են հայաստանցի հովիվ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանին: Ադրբեջանցիները նաեւ դիվերսիոն հարձակումներ են գործում հայկական դիրքերի վրա: Ազգային հերոսի կոչում են տալիս այդ հարձակմանը մասնակցածներին, ու կարծես թե Ադրբեջանի սոցիալիստներն էլ, ազատականներն էլ այդ մասին լռում են, որեւէ դատապարտող հայտարարություն չեն անում:

Դե անել-չանելն իրենց գործն է, իսկ հարցն այն է, թե այդքանից հետո իրենց հետ ինչ գործ ունեն Հայաստանի ազատականներն ու սոցիալիստ-ազգայնականները: Մի՞թե նրանք Հայաստանում անելիք չունեն, ասելիք չունեն, Հայաստանը նրանց համար այլեւս շատ նեղ է իրենց լուսավոր գաղափարները առաջ տանելու համար, եւ կարիք կա տարածաշրջանային սահմանների: Թե՞ նրանք կարծում են, որ օրինակ ադրբեջանական դիվերսիաների եւ առեւանգումների վտանգը գլխներին ապրող սահմանամերձ գյուղերի բնակիչները հիմա իրենց սկսել են առավել անվտանգ զգալ ազատական կամ սոցիալիստական համերաշխության այդ դրսեւորումներից, իսկ Մանվել Սարիբեկյանի հարազատներն էլ անիծում են չար բախտը, որ խեղճ տղան ազատական եւ սոցիալիստական համերաշխության այդ դրսեւորումներից մի քանի օր շուտ գերի ընկավ, այլապես ադրբեջանցիները ոչ թե կգերեին ու կսպանեին նրան, այլ կհյուրասիրեին ու ճանապարհ կդնեին Հայաստան:

Որեւէ մեկը դեմ չէ ինտեգրված, խաղաղ եւ կայուն տարածաշրջանային ապագային: Հազիվ թե լինի բանական մարդ, որը չողջունի դրան ուղղված որեւէ գործնական քայլ: Բայց խնդիրն այն է, թե որն է այդ գործնականը, եւ որն է ձեւական, հռչակագրային իրականությունը: Տարածաշրջանային, կամ ցանկացած ապագա պետք է ծառայի մարդկանց: Մարդկանց պետք է ծառայի նաեւ այդ ապագա տանող ճանապարհը, դրանով անցնողները: Այլապես ստացվում է, որ ներկայում մարդիկ առեւանգվում են, սպանվում են, իսկ ինչ որ ուժեր իրենց համար գնում են դեպի ապագա: Ապագա գնացողները մի քիչ շատ են ստացվում: Իշխանությունը գնում է դեպի ապագա, ընդդիմությունները սկսել են գնալ դեպի ապագա: Իսկ ով է պատասխանատու լինելու ներկայի եւ դրանում ապրողների համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: