Friday, October 8, 2010

Մենք առաջիկա բոլոր ընտրություններին մասնակցելու ենք ողջ ուժով"

Report.am. 8-10-2010- "ԼՂՀ անկախությունը ճանաչելու հրամայականը եղել է Հայաստանի օրակարգում ` Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Մենք կորցրել ենք պատմական տարբեր հնարավորություններ` պատերազմի դաշտի մեր հաղթանակները քաղաքագիտական հաջողությունների վերածելու համար",- հայտարարեց "Ժառանգություն" կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով այն ժամանակաշրջանները եւ ընձեռված հնարավորությունները, որ ըստ իրեն` Հայաստանը բաց է թողել: "1992 թվական, երբ Հայաստանը ճանաչվեց անկախ պետություն եւ մուտք գործեց ՄԱԿ: Նվազագույնը դրանից հետո դիպուկ եւ անհրաժեշտ խաչմերուկ էր հրադադարի եռակողմանի ստորագրումը, որտեղ հստակ մեր իրավունքներն ի կատար ածելով` մեր քաղաքականությունը պետք է հանգեր ԼՂՀ անկախության ճանաչմանը",- ներկայացրեց կուսակցության ղեկավարը:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Կոսովոյի անկախությունը օրինական ճանաչվելուց հետո, Հայաստանը նվազագույնը պետք է ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրինագիծ ունենար` "որպես մեր իրավական կողմնորոշոuմների արտացոլանք":
Հիշեցնենք, որ օրեր առաջ "Ժառանգության" ` "ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին" օրինագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ հաջորդ քառօրյա:
"Մենք առաջարկել էինք հետաձգել օրինագծի քվեարկությունը` եթե այն մտնի մեծ օրակարգ եւ դրանից հետո քաղաքական միասնության հետ որոշենք, որն է քվեարկության ընթացակարգը: Ցավոք սրտի, այդ խիստ բանական, շրջահայաց առաջարկը մինչեւ վերջին պահը չընդունվեց: Մենք ստացանք ԱԺ խոսնակի խնդրանքը` հետաձգել օրինագծի քննարկումը մի քանի օր: Սակայն, եթե օրինագիծը չմտնի օրակարգ եւ չդառնա բոլորի համահավասար սեփականությունը` ապագա ընթացքը միասին որոշելու լույսի ներքո, իհարկե, քվեարկությունը տեղի է ունենալու հաջորդ քառօրյայի ընթացքում",- տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հայտարարելով. "Հերիք է` արդեն 19 տարի շարունակ ամեն մեկն իրեն դնելով բարձրակարգ քաղաքագետի եւ փորձված դիվանագետի տեղ, մեր հասարակությանը մատուցի այն հնացած պատճառաբանությունը, որ ճանաչումը պետք է լինի վերջին փամփուշտը, եւ որ ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին":
Անդրադառնալով ներքին քաղաքականությանը, մասնավորապես առաջիկա ընտրությունների նախաշեմին արվող հայտարարություններին եւ տարբեր սոցհարցումներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. " Նման վերլուծություններ ես արդեն 20 տարի լսում եմ: 20 տարի է, որ ես վերադառնում եմ Ամերիկա, որ մենք պատմությունից դուրս ենք գրվել, բայց "Ժառանգությունը" մնում է մարդկանց ուշադրության կենտրոնում: Իհարկե, հարգում եմ այդ տեսակետը: Հնարավոր է, որ այդ տեսակետը արտահայտողները հիմա շատ ակտիվ եւ համակարգված նման մոտեցում են ցուցաբերում, որովհետեւ իրենք ուզում են մտնել քաղաքական դաշտ, որպես ավելի, այսպես չակերտավոր ասած՝ նոր հոսանքի ներկայացուցիչներ: Իրենց բարի երթ, բարի գալուստ եմ մաղթում, սիրով իրենց հետ կմրցակցենք, կբանավիճենք եւ կտեսնենք, թե առաջիկա քաղաքական գործընթացներում, ընտրություններում մեր հասարակությունը ինչպես է գնահատում թե իրենց, թե մեզ: Մենք առաջիկա բոլոր ընտրություններին մասնակցելու ենք ողջ ուժով":
Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով "Ժառանգության" դարաշրջանն անցած համարող նույն վերլուծությունների եւ սոցհարցումների թեմային, ասաց, որ Հայաստանում սոցհարցումներին այլեւս ոչ ոք չի հավատում: Նրա խոսքով, այդ ամենը գալիս է քաղաքականության մեջ նոր ուժի հայտ ներկայացնողներից, որոնք սակայն ոչ թե "դռնից են փորձում մտնել քաղաքական դաշտ, այլ երդիկից": Ռուբեն Հակոբյանը ողջունում է նոր ուժերի հավակնորդներին, բայց ասում է, որ նրանք սխալ մուտք եւ սխալ ձեւ են ընտրել:
"Ինչո՞ւ "Ժառանգությունը" ընտրությունների ժամանակ սատարեց առաջին նախագահին, եթե համարում է, որ հենց անկախացման առաջին տարիներից սխալ քաղաքականություն է տարվում",- հարցին ի պատասխան կուսակցության հիմնադիրն ասաց."Միայն առաջին նախագահի անունը չպետք է տանք, այլ երեք նախագահներն էլ օրինավարության տարբեր աստիճաններով երբեւէ չեն օգտվել իրենց այդ իրավունքից եւ պետական հրամայականից: Դրա համար պետք չէ անձնավորել նկատողությունը: Բայց առաջին նախագահը պետք է ավելի հստակ խոսեր ազգային հարցերում: Բայց բոլորը` ՀՀ անկախության հռչակումից` մինչեւ Մադրիդյան տխրահռչակ սկզբունքներ` հետեւորդներն են միեւնույն քաղաքականության: Բայց մենք պետք է բեկում մտցնենք եւ դուրս գանք այդ հունից":
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

No comments: