Friday, October 8, 2010

Բալայան. Այսօր էլ Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում և հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել և ծրագրել նոր ոճիրներ

Panorama.am. 8-10-2010- «Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը, բնորոշ է ահաբեկիչներին: Պարոն Պոլուխովի Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը և անհեթեթ խոսքերը սնվում են այն հանգամանքից, որ դեռևս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի և Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին և հերոսացվեցին ու մեծարվեցին: Այդ անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանի իշխանությունները գնացին ավելի հեռու` էթնիկական զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով լայնածավալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ»,- նման պատասխան է տվել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Հենարան.ամ» լրատվական կայքի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբենք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը Մանվել Սարիբեկյանի սպանությունը մեկնաբանելիս ցինիզմի նոր պոռթկում է դրսևորել:
Նա նաև ասել է, այսօր էլ Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում և հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել և ծրագրել նոր ոճրագործություններ:

No comments: