Thursday, October 7, 2010

ԼՂՀ ԱԺ փոխնախագահը Ալիևին խորհուրդ է տալիս ծանոթանալ Արցախի պատմությանը

Panorama.am. 7-10-2010- «Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարությամբ, դա հատուկ է Ադրբեջանին և նրա նախագահ Իլհամ Ալիևին: Ինչքան էլ, որ նա հայտարարի, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մեկ է Արցախն այսօր կայացած պետություն է և հստակ սկզբունքներով է առաջնորդվում»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ Արցախի տարածքը Ադրբեջանի պատմական հողերն են՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը:
«Այդ ե՞րբ է Արցախը Ադրբեջանի պատմական տարածքը եղել: Ես Ադրբեջանի նախագահին խորհուրդ կտայի ծանոթանալ Արցախի պատմությանը: Եվ ընդհանրապես, Ալիևը պետք է լավ իմանա, որ աշխարհի որևէ երկիր իր տարածքները ոչ մեկին չի նվիրում, և բնականաբար Արցախն էլ չի փորձի նման քայլի գնալ:
Նրա խոսքերով, այսօր ղարաբաղյան կողմը բանակցային գործընթացին իր անմիջական մանակցությունը չի բերում, սակայն դա ընդունելի չէ Արցախի համար, քանի որ Արցախը հակամարտության կողմ է: ԼՂՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ներկայումս, և՛ Հայաստանի, և՛ Արցախի հիմնական խնդիրներից մեկը՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելն է:
«Իսկ այն, ինչ ասում է Ալիևը, դա միայն ադրբեջանցիներին է ուղղված, այդ քայլով նա փորձում է իր հեղինակությունը բարձրացնել, ուժեղ նախագահ երևալ, իսկ ԼՂ հիմնախնդիրը բարձրագոչ հայտարարություններով չէ լուծվում»,- հավելեց Ա. Թովմասյանը:

No comments: